Հուլիսի 26-ին Խորենացի փողոցում մեծ ոգեւորությամբ մեկնարկած հանրահավաքը ավարտվեց դժգոհությամբ: Քաղաքացիներին հռետորները ստիպողաբար տուն ուղարկեցին: Սրանից անմիջապես հետո ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանների եւ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել Պավել Մանուկյանը, նրա որդին եւ մի ոստիկան: Նրանք վնասվածք են ստացել ոտքի շրջանում. վիճակները գնահատվում է կայուն ծանր:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ: Նրա համոզմամբ` Պավել Մանուկյանի եւ որդու վիրավոր լինելու հանգամանքը ոչ միայն չի կոտրի հանրությանը, այլեւ կհամախմբի մարդկանց, որոնք կողմ են «Սասնա ծռեր»-ի անդամների պահանջներին: «Կարծում եմ` աստիճանաբար է՛լ ավելի մեծ թվով մարդիկ դուրս կգան փողոց, կմիանան հանրահավաքի մասնակիցների երթին: Իրավիճակի լուծումը կարող է տրվել հենց այդ դեպքում»,-ասաց նա:
Բեմադրիչը անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր»-ի կողմից բժիշկներին «պատանդ» վերցնելուն. «Ես վստահ եմ, որ այդ բժիշկները ողջ-առողջ են, եւ, առհասարակ, բոլոր բժիշկներն էլ հոգով «Սասնա ծռեր»-ի տղաների հետ են»,-նշեց նա:
Ըստ Ս. Շահվերդյանի` եթե այժմ ցուցարարներին չհաջողվի որեւէ արդյունքի հասնել, հաջորդ համաժողովրդական պայթյունը ավելի ուժգին է լինելու. «Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում մեր հանրապետությունում, վաղը չէ մյուս օրը ֆիլմի կամ ներկայացման համար շատ հետաքրքիր նյութի աղբյուր է. այնքա՜ն մարդու դեմք պատռվեց այս ընթացքում»,-նկատեց նա:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգահան Արմեն Մովսիսյանի հետ: Նա ստեղծված իրավիճակի ելքը տեսնում է երկխոսության, վստահելի կառավարություն ստեղծելու մեջ, որը երկրում կհաստատի օրենքի գերակայություն եւ կզբաղվի նոր, առողջ համակարգի ձեւավորմամբ:
Ա. Մովսիսյանի խոսքով` չպետք է թույլ տալ նոր արյունահեղություն. «Եթե իշխանությունները տեսնեն զանգվածների իրական դժգոհություն, գուցե ավելի խելամիտ եւ հավասարակշռված լուծումներ փնտրեն, այլապես այսօրվա իրավիճակը փակուղի է, սա կբերի ժամանակավոր լռեցման, գուցե թվացյալ անդորրի, բայց ո՞վ գիտի` ինչպիսին կլինի հաջորդ ընդվզումը, եւ ինչ պայմաններում կհայտնվի մեր հայրենիքը»,-շեշտեց նա:
Մենք հարցրինք` հայաստանյան վերջին իրադարձությունների մասին ինչ են մտածում սփյուռքի` երգահանին ծանոթ հանրության անդամները. «Նրանք, իհարկե, մտահոգ են, շատերը` զայրացած, բայց դա չի կարող էապես ազդել երկրի ներքին վիճակի վրա: Ես սկզբունքորեն դեմ եմ դրսից ներսի ապրողին ինչ-որ բան թելադրելուն (եթե դա տնտեսական հարց չէ), ուղղորդել փորձելուն. դա ՀՀ քաղաքացու մենաշնորհն է»,-եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան