
Վերջին շրջանում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով դատական նիստերը գրեթե միշտ ունենում են նույն ավարտը՝ նիստերը հետաձգվում են:
Վերջին դատական նիստերը անցել են լարված մթնոլորտում, փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանում ասել էր, որ «դատավորը կաշառված է, սպասարկում է Ռուսաստանի շահերը և ինքնուրույն որոշումներ չի կայացնում»: Նա պահանջել էր, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտնի, սակայն դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով:
Այսօր հերթական դատական նիստը պետք է կայանա: ArmLur.am-ի հետ զրույցում Ավետիսյանների փեսան՝ Արթուրն ասաց, որ որևէ սպասելիք այս դատական նիստից իրենք չունեն. «Ամեն դեպքում գործի բացահայտելուն որևէ ընթացք չի տրվում, երևի վերևից հրամայողներ, հրահանգողներ կան: Կամ էլ էնպիսի մարդիկ կան, որ ցանկություն չունեն, որպեսզի վերջնական լուծում տրվի»:
Իսկ հարցին, թե այս պայմաններում ինչ են պատրաստվում անել հարազատները, նա ասաց, որ միայն փաստաբանների հետ խորհրդակցելու և նրանց հետ որոշումներ կայացնելու դեպքում կարող է պատասխանել այդ հարցին:
Ի դեպ, մեր տեղեկություններով, մեղադրող դատախազը ցմահ ազատազրկման միջնորդություն է ներկայացնելու դատարանին: