ՆՊԱՍՏՆԵՐԻ 94 ՏՈԿՈՍԸ ԿԵՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ-ում օրերս առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության ներկայացրած նախագիծը, որի արդյունքում գործազուրկ քաղաքացիները դարձան նաեւ նպաստազուրկ. “Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին”օրենքին փոխարինելու է գալիս “Զբաղվածության մասին” նոր օրենքը, համաձայն որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլեւս նպաստ չի տրամադրելու: Որոշման վերաբերյալ “Ժողովուրդ”-ին իրենց  մտահոգություններն են հայտնել ինչպես 18.000 դրամներից զրկվող քաղաքացիներ, այնպես էլ անձինք, որոնք զբաղվում են նպաստների վճարման կամ դրան առնչվող աշխատանքներով. նրանց հետաքրքրում է, թե ինչ է լինելու իրենց աշխատանքային ճակատագիրը: 
Հայաստանում 2013թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 67.7 հազար մարդ, նրանցից 48.5 հազարը կանայք են, 18 հազարը` երիտասարդ: Դեռեւս մայիսին հայտարարվեց, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ գործազրկության նպաստի վճարման տեւողությունը կկրճատվի` 6 ամսից դառնալով 3 ամիս: Հիմա էլ ամեն ամսվա համար տրվող 18 հազար դրամից են զրկում մարդկանց: 
“Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Արտակ Մանգասարյանը “Ժողովուրդ”-ի հարցին, թե որն էր այս փոփոխության հույժ անհրաժեշտությունը, որպես հիմնավորում ներկայացրեց, թե քաղաքացիները նպաստ ստանալու հույսով աշխատանք չեն փնտրում: Մարդիկ թաքնված զբաղված են, եւ նրանց չի հետաքրքրում աշխատանքը. գրանցվել են 18 հազար դրամ ստանալու համար: “Այդ 18 հազարն իրենց այնքան մեծ օգնություն չի ցուցաբերի, որքան որ այն ծրագրերը կամ միջոցառումները, որոնք միտված են նույն գործազուրկների խնդիրները թեթեւացնելուն: Այն միջոցները, որոնք տրամադրվում էին այդ նպաստներին, արդեն թիրախավորվելու են. ինչ-որ ձեռնարկություն հիմնելուն կծառայեն, զանազան ծրագրերին, որոնք միտված կլինեն երկրում գործազրկությունը կրճատելուն, հնարավոր է՝ նոր ձեռնարկություններ հիմնվեն”,-ասաց Մանգասարյանը: Մեր հարցին, թե ինչ է լինելու այն մարդկանց ճակատագիրը, որոնք զբաղվում էին գործազրկության նպաստների հատկացմամբ եւ, փաստորեն, համակարգի վերացման արդյունքում իրենք էլ են գործազուրկ դառնում, գործակալության պետը պատասխանեց. “Իմ նշած այդ ծրագրերով, ձեռնարկումներով ու միջոցառումներով կզբաղվեն այդ նույն մարդիկ, նրանք հիմա արդեն այլ աշխատանքների կլծվեն` նույն կազմով: Աշխատանքից ազատվողներ, աշխատանք կորցնողներ չեն լինի”: 
Այդպիսով, ինչպես միշտ, մեր իշխանությունները նախ որեւէ քայլ են կատարում, հետո նոր մտածում այդ քայլը հիմնավորելու եւ դրա հետեւանքները հաղթահարելու մասին: Այս դեպքում եւս, փոխանակ աշխատատեղեր բացելու եւ գործազրկության խնդիրը հենց այդ ձեւով լուծելու, կառավարությունն ասում է` սկզբում վերացնենք նպաստները, հետո կմտածենք աշխատատեղերի մասին: Գուցե եւ գործազրկության նպաստ ստացողների մի մասն իրականում աշխատանք ունի, սակայն մի՞թե կարելի է այդ մասի պատճառով անտեսել մնացած, մեր խորին համոզմամբ, առավել մեծ հատվածի շահերը` նրանց զրկելով իրականում ցամաք հացին էլ չբավականացնող այդ տասնութ հազար դրամից:  Իսկ ինչ վերաբերում է կառավարության` աշխատատեղեր բացելու խոստումներին, ապա բավական է հիշենք կառավարության հենց թեկուզ այս տարվա ծրագիրը, որով խոստացվում էր մինչեւ տարեվերջ երկրում բացել 70 հազար աշխատատեղ: Թե այդ խոստման որ մասը կատարվեց, թերեւս քննարկելն ավելորդ է: 
Սակայն գործազրկության նպաստների վերացմամբ կառավարությունը ոչ միայն չի մտածում սոցիալական ծայրահեղ վատ վիճակում գտնվող քաղաքացիների մասին, այլեւ այդպիսով իր համար քաղաքական հարց է լուծում. նպաստների վերացումից հետո քաղաքացիների մեծ մասն այլեւս շարժառիթ չի ունենա դիմելու զբաղվածության կենտրոն: Հետեւաբար կնվազի նաեւ պաշտոնական գործազուրկների թիվը, ու դժվար կդառնա պարզել Հայաստանի գործազրկության իրական մակարդակը: Ներկայումս պաշտոնական թվերով  գործազրկությունը մոտ 7% է: Առանց սխալվելու կարելի է կանխատեսել, որ առաջիկա ամիսներին կառավարությունում մեծ ուրախությամբ կհայտարարեն Հայաստանում գործազրկության մակարդակի զգալի կրճատման մասին` առանց նշելու, որ իրականում դա տեղի է ունեցել նախ` արտագաղթի, ապա եւ նպաստների վերացման պատճառով գործազուրկների` համապատասխան գործակալությանը չդիմելու արդյունքում: Բայց դե մեր կառավարության համար, ինչպես հայտնի է, կարեւորը ցուցանիշներ ապահովելն է, գլուխը քարը, որ դրանց ներքո բոլորովին այլ իրականություն է:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 648 համար




Լրահոս