Հուլիսի 25-ից 29-ը հերթական այցով Երևանում էր գտնվում ԱՄՆ խորհրդատվական թիմը: Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրականացնելու և հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական թիմի կողմից հետագա աջակցության կարիքները:
Հուլիսի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում փորձագետները ներկայացրել են բանախոսություն՝ նվիրված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի էությանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում դրա ներդրման հարցերին: Բանախոսները պարզաբանել են ղեկավարման ու կառավարման այս նոր փիլիսոփայության կարևորագույն հատկանիշները և հիմնական մոտեցումները, պատասխանել են ունկնդիրների բարձրացրած հարցերին:
Այցի ընթացքում խորհրդատվական խումբը հանդիպում է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի փորձնական նախագծի շուրջ մասնագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով: Առաջին կուրսի կուրսանտական գումարտակի սպայակազմի և համալսարանի դասախոսների ու մեթոդիստների հետ քննարկվել են 2016թ. սեպտեմբերից մեկնարկելիք փորձնական նախագծի ներդրման կազմակերպչական հարցերը, կուրսանտների ծառայության և ուսման ոլորտներում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները:
Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող ԱՄՆ թիմի այցի արդյունքներն ամփոփվել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ: Փորձագետներին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: