ԽԱԲԵԼ ԵՆ ԳՅՈՒՂԱՑՈՒՆ՝ ՏԱԼՈՎ ԱՆՈՐԱԿ ՍԵՐՄԱՑՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզի  մի շարք համայնքների բնակիչներ հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Մոտ 75 գյուղացիներ 2011թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության (ԳՆ) “Սերմերի գործակալություն” ՊՈԱԿ-ից փոխառության պայմանագրով ստացել են  հացահատիկի սերմ, որը ցանելուց հետո, սակայն, որեւէ արդյունք չեն ստացել: Գյուղացիները պնդում են, որ վերը նշված ՊՈԱԿ-ը բարձր բերքատվության սերմացուի փոխարեն ՌԴ-ից ներկրել է տարբեր տեսակի սերմերի խառնուրդ, որը չի ենթարկվել պետական սորտափորձարկման:  Էլիտար ցորենի ցանքսերը կատարելու համար բնակիչները ստիպված գրավադրել են իրենց տները եւ ունեցվածքը, սակայն հիմա ՀՀ ԳՆ-ն դատարանի միջոցով փորձում է գանձել,  գյուղացիների պնդմամբ, այդ անորակ սերմացուի պարտքը: 
“”Սերմերի գործակալություն” ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության թույլտվությամբ սերմերը պետք է ներկրեր Ռուսաստանի Դաշնությունից` Ստավրոպոլի երկրամասից: Սակայն, ըստ ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. փետրվարի տասի ստուգման արդյունքների, այդ ՊՈԱԿ-ը մեզ տված սերմացուները ՀՀ կառավարության 2010թ. որոշմամբ ՌԴ-ի Ստավրոպոլի երկրամասի ,Սեմենա Ստավրոպոլյաե ՍՊԸ-ից պարզապես ձեռք բերելու փոխարեն ձեռք է բերել ՌԴ-ի “Հացահատիկային ընկերությունների միավորում” ԲԲԸ-ից, այսինքն` տարբեր տեղերից հավաքված խառը պարենային հացահատիկի սերմացուներ էին դրանք, բայց էլիտար սերմի անվան տակ բաժանեցին մեզ: Աշնանը ցանեցինք, լավ չբռնեց, գարնանը` նույնպես: Գյուղնախարարության անկախ հանձնաժողովն էլ եկավ, ստուգեց ու տեսավ, որ ցրտահարվել է: Եկան, արձանագրեցին, որ բերք չի սպասվում, ու գնացին: Հիմա էլ բոլոր շահառուներին հանձնել են դատարանների ձեռքը: Իսկ մարդիկ էլ ստիպված գրավադրել են իրենց տները, ունեցվածքը: Այն մարդիկ, որոնք աշխատում են, իրենց աշխատավարձ չեն վճարում: Ես երկրորդ կարգի թոշակառու եմ, բայց իրավունք չունեմ թոշակ ստանալ: Արգելանք են դրել”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում պատմեց Վարդենիսի բնակիչ Սոս Բարսեղյանը: 
Անելանելի վիճակում հայտնված գյուղացիները պնդեցին, որ այս ամենի պատասխանատուները ԳՆ “Սերմերի գործակալությունե ՊՈԱԿ-ի մասնագետներն են, որոնք իրենց տվել են “հիբրիդային պոպուլյացիայի սերմեր”: “Դրանք ունեն արդյունաբերական նշանակություն եւ ոչ մի կապ չունեն սերմնաբուծության զարգացման հետ: Իսկ սերմնաբուծությունը սիրում է մաքուր եւ ճիշտ աշխատանք: ՌԴ-ից բարձր բերքատվության սերմացուներ ներկրելու փոխարեն ներկրել են տարբեր տեսակի սերմերի խառնուրդ: Մենք տեղյակ ենք, որ դրանք չեն ենթարկվել պետական սորտափորձարկման: Ու նույնիսկ պարզել ենք, որ ըստ ՎՊ ստուգման արդյունքների` այդ նպատակով հատկացված փողերը սորտափորձարկման կայաններում օգտագործվել են այլ նպատակների համար` հօգուտ իրենց գրպանների: Իսկ մեզ տրամադրված սերմացուները առանց պետական սորտափորձարկման կայանների թույլտվության վագոններից հապճեպ ձեւով մեզ բաժանվեցին` առանց որեւէ  ուղեկցող փաստաթղթերի՝ բացի պայմանագրից, որտեղ նույնիսկ գրված չէ, թե ինչ սորտի սերմացու է տրվում մեզ: Ընդամենը նշված է էլիտար սերմացու եւ վերջ”,-ներկայացրեց Բարսեղյանը: 
Հետագայում բնակիչների կողմից ձեռք բերված արտոնագրերից պարզվել է, որ ՌԴ-ից ներկրված սերմերը հիբրիդային սերմացուներ են, որոնք նախատեսված են եղել ՌԴ-ի մարզերի համար: Նրանց խոսքով՝ նույնիսկ ցուցումներում է գրված կիրառման ձեւը: ,Այն պետք է միայն օգտագործել Կրասնոդարի երկրամասից սկսած` Ադիգեյի Հանրապետության, Ստավրոպոլի երկրամասի կենտրոնական եւ նախալեռնային շրջաններում, այլ ոչ թե Վարդենիսի՝ ցրտաշունչ ձմեռ ունեցող շրջանում: Արդյունքում՝ ստեղծվեց այն վիճակը, որում մենք հայտնվել ենք: Հիբրիդային պոպուլյացիաները հիմնականում կիրառվում են արդյունաբերական նպատակներովե,-զայրացած նկատեց Նորակերտ համայնքի բնակիչ Հովհաննես Մխիթարյանը: 
Խաբված գյուղացիները համոզված են, որ ՎՊ ստուգման արդյունքները թաքցրել են Սերժ Սարգսյանից: “Անպատիժ են մնացել: Մենք պահանջում ենք պարզել՝ ով է այստեղ իրական մեղավորը` ԳՆ-ի “Սերմերի գործակալություն” ՊՈԱԿ-ը, թե խեղճուկրակ գյուղացիների ցանքերը: Ազատե՛ք մեզ դատական ատյանների ճիրաններից: Եվ այս հարցում կառավարության միակ օգնությունը յոթ հարյուր դրամը չորս հարյուր քսան դրամի վերածելն է (էլիտար  սերմացուի մեկ կիլոգրամի համար-Ս. Հ): Մենք հիմա չենք կարողանում վճարել այդ գումարները, քանի որ ցանքերի ծախսերը կատարելու համար մենք մեր տները եւ ունեցվածքը գրավադրել ենքե,-վրդովված նշեց Սոս Բարսեղյանը:
Մինչդեռ ՀՀ ԳՆ-ն վճռական է տրամադրված եւ պնդում է` զիջումներ չեն լինելու: “Կառավարությունն արդեն մեղմել է գինը: Մենք ժամանակացույց ենք ուղարկել բոլորին, ըստ որի՝ նրանք պետք է հունիսից քսան տոկոսի չափով մինչեւ հոկտեմբերի վերջ վճարեին: Չեն վճարում: Կանխամտածված չեն վճարում: Այն, ինչ կարողացել ենք, մենք արել ենք: Հիմա ոչինչ չենք կարող անել”,-խնդրի կապակցությամբ “Ժողովուրդ”-ին փոխանցեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Մենք դիմեցինք նաեւ “Սերմերի գործակալություն” ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանին, որը նշեց, որ իրենք նույնպես ստացել են բնակիչների դժգոհությունը դիմում-նամակի տեսքով: “Մենք պատրաստում ենք այդ նամակի պատասխանը: Իրենք ձեզ սխալ են ներկայացրել: Իրենք պայմանագիր են ստորագրել, համաձայնել են: Դե մի քիչ այնպես չէ, ինչպես իրենք են ասում: Իրենց կողմից բարձրացված յուրաքանչյուր փաստի նկատմամբ մենք պատասխան ենք տալու: Դա Ստավրոպոլից բերված սերմն է, որը բարձր բերքատվություն է ունեցել: Բոլոր մարզերն էլ բերք ստացել են՝ բացի Գեղարքունիքի մարզից, ինչի համար էլ պետությունը զիջել է բնակիչներին”,-պարզաբանեց Վլ. Մանուկյանը:
“Ժողովուրդ”-ը կհետեւի գյուղացիների եւ ԳՆ-ի միջեւ այս դատական վեճի ընթացքին, սակայն, անկախ դրա հանգուցալուծումից, արդեն հիմա կարելի է արձանագրել, որ գյուղատնտեսության նախարարությունը, մեղմ ասած, ոչ միշտ է կանգնած գյուղացու կողքին:  
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 648 համար




Լրահոս