ՄԵՆՔ` ՈՐՊԵՍ ԱԶԳ, ՎԵՐՋ ՉՈՒՆԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կարին” ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻՑ “Ժողովուրդը” հետաքրքրվեց` արդյոք ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ինքը “Կարին” անվամբ երգի-պարի ստուդիա է հիմնել Փարիզում: Պարոն Գինոսյանը նշեց, թե առաջին անգամ է լսում նման բան, սակայն նաեւ նկատեց, որ իրենց նյութերն իրենք տեղադրում են համացանցում, եւ ինքը չգիտի՝ ով է օգտագործում կամ շահարկում դրանք: Գագիկ Գինոսյանը նշեց, որ Կարինը պատմական անուն է, եւ ինքը չի կարող այդ անվան հետ կապված հեղինակային իրավունքներ ունենալ: Բայց կան պարեր, որ իրենք են վերականգնել, ու, բնականաբար, դրանք ունեն հեղինակային իրավունքներ: 
-Ի՞նչ է անում “Կարին” համույթը, որպեսզի երիտասարդների մեջ ազգային պար սովորելու ցանկություն սերմանի:
-Մենք ութերորդ տարին անընդմեջ “Նարեկացի” արվեստի միության սրահում եւ արդեն 3-4 տարի Կասկադում իրականացնում ենք “Մեր պարերը եւ մենք” բացօթյա պարուսուցման ծրագիրը, որի ընթացքում բառացիորեն սովորեցնում ենք ազգային պարերը, որպեսզի մարդիկ իրենց խնջույքներում կարողանան ճիշտ պարել: 
-Նմանատիպ միջոցառումներից հետո նկատվո՞ւմ է շարժ, հետաքրքրություն:
-Պետք է հաշվի առնել, որ առաջին փորձերին, որոնք անում էինք տարիներ առաջ, հավաքվում էր 30-40 մարդ, իսկ հիմա ամառվա ամսիներին Կասկադում հավաքվում է 500-ից ավելի մարդ: Կարծում եմ՝ շարժը կա: 
-Որքանո՞վ են հայ երիտասարդները մոտ իրենց արմատներին:
-Ցավոք սրտի, երկփեղկված է հասարակությունը, նաեւ երիտասարդությունը: Կա մի շերտ, որը շատ ազգային նկարագիր ունի, յուրաքանչյուր ազգային դրսեւորում բաց չի թողնում, բայց կա նաեւ շատ պասիվ զանգված: Բացի այդ, նույն երիտասարդության շրջանում կա քաղաքացիական առումով ակտիվ շերտ, որն ավելի կոսմոպոլիտ դիմագծեր ունի: Հիշենք՝ ինչպես պայքարեցին տրանսպորտի թանկացման դեմ: 
-Իսկ որքանո՞վ եք Դուք ինքներդ ակտիվ որպես քաղաքացի: 
-Ես չեմ սիրում այդ մասին խոսել, ես սիրում եմ տրամաբանական վերլուծություններ ու գործ անել: Իմ կարծիքը շատ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կարող է լինել:
-Ներքաղաքական կյանքից տեղյա՞կ եք:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր գաղափարական մարդ, մտավորական, արվեստի գործիչ ու պարզապես հայ, ում հուզում է իր երկրի ապագան, իհարկե, չի կարող չհետաքրքրվել: Բայց ես միանշանակ քաղաքական մարդ չեմ, երբեւէ որեւէ կուսակցության չեմ պատկանել ո՛չ Խորհրադային Միության տարիներին, ո՛չ էլ ներկայումս: Ես շատ ավելի գաղափարական նկրտումներ ունեցող աշխատանքի միջոցով եմ փորձում տարածել ազգայինն ու գաղափարականը: Վստահ եմ, որ մտավորականությունը պետք է լինի մեր հասարակության ճարտարապետը, իսկ քաղաքական գործիչները՝ ընդամենը աշխղեկները, օտար բառով ասած, “պրարաբները”, որոնք պետք է կառուցեն այն հասարակարգը, որ նախագծվում է լուրջ մտավորականության կողմից: Սակայն, ցավոք սրտի, մեր հասարակությունը դեֆորմացված է, եւ քաղաքական գործիչները, որ ,պրարաբիե դերում պետք է լինեն, իրենք են թելադրում հասարակական կամ բարոյահոգեբանական արժեհամակարգը, քանի որ օլիգարխիկ համակարգի հետ սերտաճած են: 
-Ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի իրավիճակը, ի՞նչ ժամանակներ է ապրում Հայաստանը:
-Բնականաբար, նոր ստեղծվող պետությունները պիտի անցնեն կայացման ժամանակաշրջան, բայց, քանի դեռ մենք չունենք նվիրյալ քաղաքական գործիչներ, իշխանություն, Հայաստանում այդ կայացման ժամանակաշրջանը արհեստականորեն ձգձգվում է: Կարծում եմ՝ բոլոր պետություններին է բնորոշ կայացման եւ անցումային փուլեր ապրելը: Բայց երբ դա այսքան երկար է տեւում, թույլ չի տալիս ազգին ինքնագիտակցման գալ: Եվ շատ անգամ այդ դավաճան տարրերը օտարի ջրաղացին են ջուր լցնում եւ ոչ սեփական: 
-Եթե այս քայլերով գնանք, ո՞ւր կհասնենք, ի՞նչ կլինի մեր վերջը:
-Ես հստակ շատ խնդիրներ եմ տեսնում, բայց պիտի ասեմ, որ մենք՝ որպես ազգ, վերջ չունենք: Եվ, ի վերջո, բոլոր նրանք, ովքեր նպաստում են վերջի գալստին, իրենք իրենց վերջն են նախապատրաստում:
-Արդյոք շատ լավատես չե՞ք:
-Ես իրատես եմ. ես ոչ հավատում եմ, որ թունելի վերջում լույս կա, ոչ էլ` որ այդ լույսը չկա: Իմ կյանքով փորձում եմ լինել հանքափոր ու, եթե գտնում եմ, որ այդ լույսը պետք է, փորում եմ թունելը, մինչեւ այդ լույսը բացվի: Հին փիլիսոփաներից մեկն ասում էր. “Խավարն անիծելու փոխարեն գեթ մեկ մոմ վառի”: Ես փորձում եմ իմ փոքրիկ մոմը վառել, չգիտեմ՝ ինչքանով այն կլուսավորի: Իսկ ով փորձում է խավար ծնել, խավարում էլ ապրում է: Նույնիսկ ոսկին ինքն իրեն չի փայլում. արեւի շող է պետք: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 647 համար




Լրահոս