50 ԴՐԱՄ 50 ՀԱՎ ՆԵՐԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում գործող անասնաբույժների թիվը սկսել է պակասել, քանի որ նրանց վարձատրությունը գոյանում է անասնագլխաքանակից, իսկ աշխատավարձ կոչվածը կազմում է ընդամենը 7 հազար դրամ: “Ֆերմերային շարժում” ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանի կարծիքով, եթե Հայաստանում անասնաբույժը նորմալ վարձատրվի, ապա կատարած աշխատանքն էլ անթերի կլինի: Այսօր մի անասնաբույժը սպասարկում է հինգ-վեց համայնք: Սակայն շատ անասնաբույժներ չնչին վարձատրության պատճառով չեն շրջում գյուղից գյուղ եւ անասուններ պատվաստում:
Այսօր համայնքային անասնաբույժ չկա, կան պետպատվերի շրջանակներում պատվաստումներ կատարող անասնաբույժներ, որոնք իրականացնում են բուժականխարգելիչ գործողություններ: Այլ գործառույթներ անասնաբույժները չունեն: Այժմ մեր հանրապետությունում աշխատում է ավելի քան 630 անասնաբույժ: Նրանց աշխատավարձը կախված է ներարկումներից: Մինչդեռ տարիներ առաջ անասնաբույժների թիվը հասնում էր 1000-ի: 
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ այս տարվա հունվարի 1-ի տվյալներով՝ անասնագլխաքանակն ավելացել է. տավարինը՝ մոտ 68 հազարով՝ կազմելով 661 հազար գլուխ, ոչխարինն ու այծերինը՝ 84 հազար 500-ով՝ կազմելով 675 հազար գլուխ: Իսկ մի անասնաբույժը ներկայումս սպասարկում է հինգ-վեց համայնք:
“Շատերը հիմա գլխառադ են անում: Շատ անասնաբույժներ իրենց կողմից լրացվող համապատասխան թղթերի վրա գրում են, թե նախատեսվող բոլոր պատվաստումներն արել են, այն դեպքում, երբ ոչինչ չեն արել: Վեց հազար դրամի համար նա կգնա՞ գյուղի անասուններին տիրություն անելու: Նույնիսկ հիվանդությունների տեսակներ կան, որոնց անասնաբույժները տեղյակ են, բայց չեն բարձրաձայնում դրա մասին, քանի որ չեն վարձատրվում”,-իրավիճակը ներկայացրեց “Ֆերմերային շարժում” ՀԿ-ի նախագահ Սարգիս Սեդրակյանը: 
Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին “կոլխոզ եւ սովխոզներում” կային առանձին հաստիքներ՝ մեխանիկ, անասնաբույժ, ֆերմայի վարիչ. “Այն ժամանակ նրանք հստակ աշխատավարձ ունեին: Անկախ այն բանից՝ սովխոզի գործերը լավ էին, թե ոչ, անասնաբույժներն իրենց աշխատավարձը պարտադիր ստանում էին, իսկ կոլխոզում, եթե եկամուտը բարձր էր, ապա այդ դեպքում նրանք ստանում էին նախատեսվածից բարձր աշխատավարձ: Բայց յուրաքանչյուր համայնք ուներ իր առանձին անասնաբույժը: Իսկ հիմա հինգ-վեց համայնք միասին վերցրած ունի մեկ անասնաբույժ”: 
53-ամյա Անտոն Գեւորգյանն արդեն 21 տարի է, ինչ անասնաբույժ է աշխատում: Սակայն անասնաբույժի այժմյան աշխատավարձով այլեւս չի կարողանում ընտանիք պահել. “Բացի այդ՝ գյուղից գյուղ տեղափոխվելու համար նախ անհրաժեշտ է նորմալ փոխադրամիջոց՝ հաշվի առնելով գյուղամիջյան ճանապարհները, հետո՝ դիզվառելիք: Բայց ոչինչ չի տրվում: Հինգ հազար դրամով ընտանիք չես պահի”:
Իսկ “Ֆերմերային շարժում” ՀԿ-ի նախագահ Սեդրակյանը պնդում է, որ պետբյուջեից անասնաբույժներին հատկացվող գումարները նրանց չեն հասնում, այլ “օգտագործվում են” այլ նպատակների համար. ,Յուրաքանչյուր համայնքից 5 հազար դրամ, այսինքն` 30 հազար դրամ: Դա ի՞նչ գումար է, որով նա գնա ու հինգ-վեց համայնքի անասուն պատվաստի կամ պարզի, թե հիվանդության ինչ օջախ կա, որ դրա դեմն առնի”:
Ի դեպ, վերջին մի քանի տարիներին ՀՀ կառավարությունը մոտ 600 մլն դրամ է հատկացնում պատվաստանյութերի ձեռքբերման եւ 510 մլն դրամ՝ համայնքային անասնաբույժներին վճարելու համար: Նշենք, որ անասնաբույժի կողմից յուրաքանչյուր միավոր աշխատանքը գնահատվում է 75 դրամ: Այսինքն՝ մեկ կով պատվաստելու համար անասնաբույժը ստանում է 75 դրամ, երկու խոզի կամ երկու ոչխարի համար՝ 75 դրամ, 50 հավ ներարկելու համար՝ 50 դրամ:
“Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնե ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ կենդանիների պատվաստում ծրագիրն իրականացվում է 11 հիվանդությունների գծով՝ 8 պատվաստում, 2 ախտորոշում եւ 1 բուժում: “Պետբյուջեն նախատեսում է ե՛ւ պատվաստանյութերի համար գումար, ե՛ւ անասնաբույժների աշխատանքների իրականացման գումար: Եթե մենք ունենք անասնաբույժ, որը պետության կողմից կատարած աշխատանքի համար վճարվում է, դա չեղավ աշխատավարձ: Այդ միջոցառումները՝ աշխատանքների մասով, անասնաբույժների հետ քաղիրավական պայմանագրերի սկզբունքով են իրականացվում, որը համարվում է աշխատանքային ստաժ, բայց միաժամանակ չի համարվում մասնագիտական աշխատանքային ստաժ: Դա մեր երկրի օրենքն է: Իսկ վարձատրությունն իրականացվում է կատարած աշխատանքի ծավալից կախված: Մի համայնքում կենդանին քիչ է, մյուսում՝ շատ: Սակայն այս առումով պետությունը քայլեր է ձեռնարկում, եւ հնարավոր է, որ առաջիկայում լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր կլինի, որով հաստիքներ կբավարարենք, եւ որոշվի, որ համայնքային անասնաբույժ լինի: Այսինքն՝ յուրաքանչյուր համայնք ունենա մեկ անասնաբույժ”,-փոխանցեց Ավագյանը: 
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 649 համար




Լրահոս