ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն “Մեդիա կենտրոն”-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ Մաքսային միություն մտնելու որոշումը կայացրել է ինքնուրույն` հաշվի առնելով սեփական շահերը, ուստի եւ պետք է հարգել այն:
Անդրադառնալով ռուսական ճանապարհն ընտրելուց հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին, Անրի Ռենոն հիշեցրեց ՀՀ իշխանությունների եւ ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները. “Հայաստանի իշխանությունները բարձրագույն մակարդակով հայտարարում են, որ ցանկանում են պահպանել ԵՄ-ի հետ հարաբերությունները բոլոր մակարդակներում, իհարկե, այնքանով, որքանով դա կհամապատասխանի կայացված որոշմանը: Մենք էլ մեր հերթին հնարավոր բոլոր ուղղություններով կշարունակենք հարաբերությունների խորացումը ՀՀ-ի հետ: ԵՄ-ն չի փակել դռները ձեր երկրի առջեւ, ավելին, Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցության ոլորտներն անսահման են”:
Դեսպանը անկեղծորեն խոստովանեց, որ չի պատկերացնում կապ ԵՄ ասոցացման համաձայնագրի եւ Արցախի կարգավիճակի միջեւ: Իսկ ինչ վերաբերում է բանակցային սեղանին Արցախի վերադարձին, ապա ըստ դեսպանի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սրա անհրաժեշտության եւ կարեւորության մասին միշտ խոսել են, սակայն հակամարտող կողմերն է, որ պետք է որոշեն, թե երբ է Արցախն անմիջական մասնակցություն ունենալու հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ասուլիսից հետո պատասխանեց “Ժողովուրդ”-ի մի քանի հարցերին:
-Պարո՛ն դեսպան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձեւը, որտեղ հիշատակված են ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, ըստ որոնց՝ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները:
-Որպես կանոն՝ օրենքներ կան, որ գործադիրը, այսինքն՝ այս դեպքում ես՝ որպես դեսպան ու գործադիր իշխանության ներկայացուցիչ, չեմ մեկնաբանելու օրենսդիր մարմնի կայացրած որոշումը: Խոսքն այստեղ իշխանությունների հստակ տարանջատման եւ բաշխման մասին է:
-Ինչո՞ւ, չե՞ք կարծում, որ նմանօրինակ կողմնապահ բանաձեւերով վտանգվում է բանակցային գործընթացը: Ավելին, տեսակետ կա, որ այդ բանաձեւը Եվրոպայի պատասխանն էր Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն գնալու որոշմանը:
-Ես ասացի արդեն, որ բանակցային գործընթացը վարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եւ ոչ թե Եվրոպայի խորհրդարանը:
-Պարո՛ն դեսպան, հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացան նախագահական խայտառակ ընտրությունները, եւ Ֆրանսիայի դիտորդական խմբի անդամներն այնպիսի հիացական գնահատական էին տվել, որ ուղղակի ապշեցուցիչ էր: Մասնավորապես դիտորդներից մեկն ասել էր, թե Ֆրանսիան պետք է սովորի Ադրբեջանից, թե ինչպես անցկացնի ժողովրդավարական ընտրություններ: Ձեզ համար նման համեմատությունը վիրավորակա՞ն չէ: Հաշվի առնելով ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներն Ադրբեջանի ավտորիտար համակարգի մասին՝ նույն գնահատականն էր տվել նաեւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը, ըստ որի՝ այդ ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:
-Ես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն եմ, այլ ոչ թե Ադրբեջանի: Ի՞նչ ասեմ, կա հատկանշական ուղղվածություն, որոնցով կանոնակարգվում է դեսպանների աշխատանքը: Ես Հայաստանում եմ Ֆրանսիայի դեսպանը: Գիտեմ, որ պետք է հիասթափվեք, բայց ես այն երկրի հետ կապ չունեմ:
-Այստեղ հիասթափվելու որեւէ խնդիր չկա, պարզապես ապշեցուցիչ է, երբ Ձեր երկրի դիտորդներն Ադրբեջանի խայտառակ ընտրություններին լավ գնահատական են տալիս, ավելին, նշում, թե Ֆրանսիան պետք է սովորի Ադրբեջանից: Վիրավորվե՞լ եք, թե՞ ոչ:
-Ես բացարձակապես իրազեկված չեմ, թե ադրբեջանական նախագահական ընտրություններն ինչպես են գնահատել Ֆրանսիայի դիտորդները:
Այդ ասելով՝ դեսպանը շտապ նստեց մեքենան:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 649 համարի