Առավել մեծ ատելության ռեսուրս է ստեղծվելու, և իշխանությունն իր ձեռքով քանդելու է հիմքերը. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է՝ այսօր տեղի ունեցած կլոր սեղան-քննարկաման շրջանակում «Չորսի նախաձեռնության» անդամներն առաջարկցին մի փաստաթուղթ, որտեղ նշվում են ճգնաժամի հաղթահարման ուղիները: Վերոհիշյալ փաստաթղթի մասին նաև իր կարծիքը հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց հետևյալը. «Շատ լավ փաստաթուղթ է: Բոլոր կետերի հետ  անվերապահորեն համաձայն եմ, բայց, ցավոք սրտի, կա մի վերապահում, որը գլոբալ է: Որևէ մեկը չի լսելու, որևէ մեկը դրան լուրջ չի ընկալելու, բացի դժգոհ կողմերից: Ինչու՞, որովհետև առանց որևէ կասկածի ոչ թե վստահություն ունեմ, այլ որպես փաստ գիտեմ` իշխանությունը և հատկապես իշխանության վերին օղակներն ունեն հետևյալ գաղափարախոսությունը կոնկրետ այս խնդրում: Եթե իրենք գնում են փոքր զիջումների, ապա դա թուլության նշան է, և նման դեպքերը կրկնվելու են»:

Քաղաքագետի խոսքով՝ իշխանության վերին օղակները տեսնում են, որ կա դժգոհություն, բայց համարում են դա սահմանափակ դժգոհություն, քանի որ կտրված են իրականությունից:

«Իրենք ուղղակի հրաժարվում են տեսնել իրականությունը, որը հասարակության զգալի զանգվածի մոտ մյուս մի հատվածի կամ իշխանության հանդեպ խոր ատելություն է առաջացրել»,- ասաց նա:

Մեր զրուցակցի գնահատմամբ ՝ առաջարկություններ որքան էլ լինեն, դրանք կլինեն անիրականանալի, եթե մասայական ժողովրդական ճնշում չգործադրվի իշխանության վրա: Ճնշումը մաքսիմում կատարվում է տասնյակ կամ հազարներով ու ուղիղ եթերով, որը ոչինչ է:

«Եթե հասարակական ճնշում չի ձևավորվում, լուրջ, զգալի ճնշում, մնացածն արդեն ցանկալիության մտածողություն է, մենք մտածում ենք, որ մեր ցանկությունները փաստ են: Այսինքն` պիտի անելիքներից ամենակարևորը լինի այն, որ մեր մտավորականությունը, պետք է հասարակությանը հասցնեն այն գիտակցության, որ տեսնի իրականությունը  և դուրս գա ինտերնետային տիրույթից, իր պահանջները դարձնի լսելի, իրական և ճնշումն  ավելի ազդեցիկ»,- հավելեց Հայկ Մարտիրոսյանը:

Մեզ  հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ հակառակ պարագայում մենք անընդհատ կընդունենք այսպիսի փատաթղթեր, որոնք կմնան ընդամենը ստորագրված  փաստաթղթեր:

«Անհրաժեշտ է իրական հասարակական ճնշում առանց որի որևէ բան չի լինի: Առավել մեծ ատելության ռեսուրս է ստեղծվելու, և ինքը՝ իշխանությունը, իր ձեռքով քանդելու է իր հիմքերը»,- եզրափակեց քաղաքագետը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս