Կոչով դիմեք զինյալներին` ազատ արձակեն բժիշկներին. Լիդա Մուրադյանի բաց նամակը Արսինե Խանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը բաց նամակով դիմում է Արսինե Խանջյանին: Նամակում ասվում է. «Հարգելի՛ տիկին Խանջյան, բարո՛վ եք եկել Հայաստան։

Մեր հայրենիքի դռներն ու մեր սրտերը միշտ բաց են Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների առջև:

Ձեզ գրում է կին, ով անչափ վրդովվեց ոստիկանների կողմից Խորենացի փողոցում Ձեր նկատմամբ թույլ տրված անփութությունից: Վրդովվեց ոչ միայն որպես համաքաղաքացի, այլև՝ երկրպագու, ում սիրելի դերասանուհուն այդքան անհարմարություն պատճառվեց: Կատարվածն, իրոք, դատապարտելի է: Միևնույն ժամանակ, մամուլից տեղեկացա, որ ոստիկանության բաժնում Ձեզ հարգալից են վերաբերվել, բարձրաստիճան ոստիկանը Ձեզանից  ներողություն է խնդրել, անգամ սուրճ են առաջարկել, զրուցել են ու ճանապարհել տուն:

Տիկի՛ն Արսինե,

Ձեզ գրում է մի կին, ում գործընկեր բժիշկներն արդեն ավելի քան 60 ժամից ավելի է՝ պատանդի կարգավիճակում են պահվում զինված խմբի անդամների կողմից: Նրանց թվում կա իմ ու Ձեզ նման կին, ով ի տարբերություն մեզ,  հաղթահարելով իր մարդկային վախերը, շտապել էր օգնելու մի խումբ զինված տղամարդկանց: Կին, ով աշխատանքից հետո իմ ու Ձեզ նման պետք է տուն վերադառնար, բայց դարձավ այն մարդկանց պատանդը, որոնց օգնության ձեռք էր մեկնել:  Կին, ում ձեռքերով հազարավոր կյանքեր են փրկվել, ով հայ ավանդապահ ընտանիքի մայր է։ Եվ արդեն 60 ժամից ավելի է, ինչ նա ստիպողաբար մնում է երկու տասնյակից ավելի օտար տղամարդկանց հետ` ինչը մեր արժեհամակարգին անահարիր ու խորթ է։  Ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր իմ ամուսնու հետ, երբ ինձ հետ նման բան պատահեր: Հավանաբար, ամենաքիչը կխելագարվեր: Վստահ եմ՝ Ձեր ամուսինը նույնպես:

Տիկի՛ն Արսինե,

Ես ուշիուշով հետևում  եմ Ձեր հարցազրույցներին ու շատ կուզենային դրանցից գոնե մեկում կարդալ Ձեր մտահոգությունը բուժքրոջ ու նրա կոլեգաների  վիճակի մասին: Շատ կուզենայի կարդալ, որ Ձեզ նույնքան մտահոգում է հոգեբանական ու ֆիզիկական ծանր վիճակում գտնվող բուժաշխատողների ճակատագիրը, որքան մտահոգեց Ձեզ պատճառված անհարմարությունը:

Տիկի՛ն Խանջյան,

Պատանդի կարգավիճակում գտնվող կնոջ դուստրն այսօր նշում է ծննդյան տոնը` առանց մոր: Գիտեմ, որ Դուք էլ ինձ նման ցանկանում եք, որ աշխարհում ոչ մի զավակ ծննդյան օրն առանց մոր նշելու պատճառ չունենա։

Սիրելի՛ Արսինե,

Ձեր հանդեպ ունեցած հարգանքս կտասնապակվեր, եթե կոչով դիմեիք զինյալներին՝ խնդրելով ազատ արձակել պատանդի կարգավիճակում գտնվող բժիշկներին: Դեռ ուշ չէ:

Հարգանքով՝ Լիդա  Մուրադյան

Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ,

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն»:




Լրահոս