Lեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել հոդվածով` փորձելով կրկին քաղաքական օրակարգ ներմուծել Սերժ Սարգսյանի հրաժարականի թեման: Անդրադառնալով վերջին շրջանում Սարգսյանի «անհաշվենկատ, ավելի ճիշտ` արկածախնդիր քաղաքական դեգերումներին»` Տեր-Պետրոսյանը որպես Հայաստանի եւ Արցախի համար մեծագույն վտանգ նշել է մեր երկրի` անվստահելի գործընկերոջ համբավի ձեռքբերումը: Բնականաբար, դժվար է չհամաձայնել Տեր-Պետրոսյանի ինչպես այս, այնպես էլ հոդվածում տրված այլ գնահատականներին: «Սերժ Սարգսյանը, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջեւ` այն է. կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ փորձանք բերի հայ ժողովրդի գլխին»,-գրել է Տեր-Պետրոսյանը (տե՛ս էջ 5)` որպես ճիշտ տարբերակ առաջարկելով Ս. Սարգսյանին` «խոհեմություն դրսեւորել եւ հրաժարական տալ»: Թե որքանով է իրատեսական` ապավինել Ս. Սարգսյանի «խոհեմությանը», կարծում ենք՝ միանգամայն պարզ է, ուստի անհասկանալի է այս հոդվածը հրապարակելու` Տեր-Պետրոսյանի իրական նպատակը: Նա, ի դեպ, շտապում է նշել, որ ինքն անձամբ չի հավակնում Ս. Սարգսյանի տեղին, ինչպես եւ բացառում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Եվ ուրեմն` ո՞րն է Տեր-Պետրոսյանի շարժառիթը` անկեղծ մտահոգությո՞ւնը ստեղծված իրավիճակի շուրջ: Միանգամայն հնարավոր է, սակայն նկատենք, որ դա արտահայտելու համար բավականին տարօրինակ ձեւ է ընտրել ընդդիմության երբեմնի առաջնորդը, ով, ի դեպ, ներկայումս նաեւ քաղաքական կուսակցության ղեկավար է: Ինչ խոսք, հոդված գրելը (ի դեպ` ճիշտ Ռ. Քոչարյանի նման Տեր-Պետրոսյանն էլ է իր ասելիքը հրապարակում բացառապես մեկ` յուրային լրատվամիջոցի էջերից) կարող է արդյունավետ տարբերակ լինել, եթե խոսքը հրապարակախոսի, գիտնականի կամ նախկին քաղաքական գործչի մասին է: Սակայն Տեր-Պետրոսյանը, եթե չենք սխալվում, նաեւ քաղաքական կուսակցության ղեկավար է, կուսակցության, որը ներկայացված է ԱԺ-ում: Մինչդեռ Ս. Սարգսյանի այդ «ցուգցվանգային» քայլերին` մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցությունը մինչ օրս հստակ քաղաքական գնահատական չի տվել. այդ կապակցությամբ ՀԱԿ-ը որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել: Դե իսկ ժողովրդին փողոց հանելու եւ առավել արմատական քայլերի մասին խոսելը պարզապես ավելորդ է: Ըստ ամենայնի` հոդվածն առավելագույնն է, ինչին այս պահին ունակ է ավազակապետական բուրգը կազմաքանդելու խոստում տված ընդդիմության երբեմնի առաջնորդը:
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ