ԾԱՌՈՒԿՅԱՆ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ «ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ հեռակա «կարգով» կրկին  փոխհրաձգություն է սկսվել: Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ինքը չի ցանկանում մեկնաբանել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը. «Վոյելբոլի ֆեդերացիան ի՞նչ կառույց է, որ մեկնաբանեմ»: Իսկ Գ. Ծառուկյանն էլ, իր սովորության համաձայն, օգտագործել է իր «լծակները»՝ Հայրապետյանին «արժանավայել» պատասխան տալու համար:
Ռ. Հայրապետյանը, կարծես չբավարարվելով Գ. Ծառուկյանին «նսեմացնելու» իր բուռն գործունեությամբ, անդրադարձել է նաեւ Փակ շուկային ու կրկին ԲՀԿ առաջնորդի դեմ է խոսել. «Երբ Աբովյան փողոցում կառուցում էին այն մեծ բարձրահարկը, ինչո՞ւ ոք ոքդ ձայն չհանեցիք»: Բոլորն են հիշում, որ նշված շենքը կառուցել է Գ. Ծառուկյանը:
Եվ ահա Ծառուկյանի փոխարեն Ռ. Հայրապետյանի «տեղը» փորձել է ցույց տալ ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ սուր քննադատության ենթարկելով նրան: «Ամիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն հայտնեց: Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, քանի որ այն, ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում, ավելի քան մտահոգիչ է: Եթե մի կողմ դնենք ազգային հավաքականի հարաբերական հաջողությունը, ապա մյուս բոլոր ոլորտներում հայկական ֆուտբոլը տապալվում է: Մենք խայտառակ եղանք, երբ նույնիսկ արտասահմանյան լրատվամիջոցները գրեցին, որ ՀՖՖ նախագահը ծեծել է հավաքականի բժշկին: Կամ ինչի՞ նման է, երբ բոլորի աչքի առաջ ՀՖՖ նախագահը բռնում է մարզական լրագրողի կոկորդից կամ ռազբորկայի հրավիրում ակումբներից մեկի ղեկավարներին: Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի մասին է վկայում նաեւ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստան-Չեխիա հանդիպումից առաջ, երբ հազարավոր ֆուտբոլասերներ, տոմսերը ձեռքներին, մնացին մարզադաշտի պատերի տակ»,-նշել է Ռոստոմյանը: Վերջինս հավելել է, թե մտահոգիչ է նաեւ այն, որ մարզական ֆեդերացիաներից մեկի նախագահին չի հուզում վոլեյբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած խայտառակությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Ռոստոմյանից պարզել՝ արդյոք մտավախություն չունի, որ իր այդ հայտարարությունից հետո կրկին կլարվեն Ռ. Հայրապետյանի եւ Գ. Ծառուկյանի փոխհարաբերությունները. «Դա իմ մասնագիտական գնահատականն է, ես այլ հարաբերությունների մեջ տեղավորվելու խնդիր չունեմ: Մնացածը ձեր երեւակայությունն է կամ ձեր եզրակացությունը»:
Հիշեցնենք, որ 2009թ., երբ Բուրսեյում Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային, լրագրողների հարցին, թե ինչու չէր գնացել ֆուտբոլային այդ խաղին, Գ. Ծառուկյանը պատասխանել էր, թե ինքը գնում է միայն այն դեպքում, երբ վստահ է հաղթանակին: Այդ հայտարարությունից հետո լարվել էին Ծառուկյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները, եւ իրավիճակը հարթվեց Հայրապետյանի ներողությամբ: Տեսնենք, թե ինչով կավարտվի այս փուլը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս