ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԱԵՎ ԹԱՐԳՄԱՆԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի երեկվա փակ նիստն ընթացել է բավական թեժ մթնոլորտում: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հիմնական բանավեճն ընթացել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին հսկայական քանակի զենք վաճառելու շուրջ:
Բացի այդ՝ թեժ բանավեճ է սկսվել նիստը ՀՀ ԱԺ-ում ռուսերեն անցկացնելու հարցի շուրջ: Նիստի հենց սկզբում ՀՀ ԱԺ պատգամավորներից «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը դժգոհել է այդ հանգամանքից եւ պահանջել ապահովել հայերեն թարգմանություն: Նա նաեւ ասել է, որ թեեւ հարգում է ռուսաց լեզուն, ռուսերենով հաղորդակցվելու խնդիր չունի, սակայն ՀՀ Սահմանադրությամբ մեր պետական լեզուն հայերենն է, եւ քանի որ նիստն անցկացվում է ՀՀ ԱԺ-ում, պետք է հարգել այն: Քոքոբելյանին, սակայն, հակադարձել են, որ ՀՀ-ում անցկացվում է հանձնաժողովի արտագնա նիստ, իսկ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է, եւ այդ փաստն ընդունվել է ժամանակին` քվեարկությամբ: Քոքոբելյանը, սակայն, իր ելույթը շարունակել է հայերեն: Եվ քանի որ ԱԺ-ում այդպես էլ չեն կարողացել ռուսերենի թարգմանիչ գտնել, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ թարգմանչի գործառույթն իր վրա է վերցրել նիստը նախագահող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա մի քանի ժամ ստիպված է եղել ԱԺ-ում նաեւ թարգմանիչ աշխատել:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ սկանդալը միայն այսքանով չի ավարտվել: Խ. Քոքոբելյանը, որը հայտնի է իր ամերիկամետ կեցվածքով, նիստի ժամանակ ռուսներին մեղադրել է տարածաշրջանում ապակայունացման փորձերի մեջ, մասնավորապես հիշեցրել է 2008թ. ռուս-վրացական պատերազմը` հավելելով, որ այդպես խախտվել է տարածաշրջանի խաղաղությունը: Նա նաեւ բարձրացրել է ՀԱՊԿ անդամ ՌԴ-ի կողմից ՀԱՊԿ մեկ այլ անդամ երկրի` Հայաստանի հետ ռազմական կոնֆլիկտ ունեցող պետությանը` Ադրբեջանին, հարձակողական զենք վաճառելու մեջ: Ռուսական կողմից որոշակի առարկություն է եղել, թե դա որեւէ կերպ չի հակասում ՀԱՊԿ պայմանագրերին, բացի այդ` իրենք ՀՀ-ի հանդեպ եւս իրենց պարտականությունները կատարում են:
Ադրբեջանին զենք վաճառելու թեման մեկ այլ կոնտեքստով շարունակել է նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, սակայն ավելի մեղմ տարբերակով: Նա ասել է, թե վերջին տարիներին ՀԱՊԿ երկրների միջեւ փոխհարաբերություններն ու փոխինտեգրումը նոր որակներ են ստանում, ինչը ենթադրում է, որ պետք է վերանայվեն շատ հարցեր, եւ հարաբերությունները պետք է որակապես նոր աստիճանի վրա դրվեն: «Սա զուտ արձանագրություններ ընդունող կառույց չի կարող լինել»,-մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ասել է նա: ՀԱՊԿ ԽՎ պատգամավորները, այնուամենայնիվ, համաձայնել են հայկական կողմի բարձրացրած խնդրի հետ, ասել, որ կիսում են Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ նրանց մտահոգությունը: Բայց նաեւ հանգստացրել են` ասելով, որ Հայաստանի դեմ թույլ չեն տա որեւէ ագրեսիա, եւ ցանկացած նման փորձի դեպքում ՀԱՊԿ-ը կարձագանքի:
Ինչեւէ, երեկվա նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները` Խոսրով Հարությունյանն ու Անատոլի Վիբորնին, հանդիպել են լրագրողների հետ: Նրանց ասուլիսը եւս ռուսերենով էր` առանց հայերեն թարգմանության: Ընդ որում, հայ լրագրողների հարցերին ռուսերենով էր պատասխանում նաեւ Խոսրով Հարությունյանը:
Ասուլիսի ժամանակ Անատոլի Վիբորնին հայտարարել է, թե Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը չի արգելվում ՀԱՊԿ որեւէ օրենքով, նորմով կամ համաձայնագրով: Սակայն նա նաեւ նշել է, որ նկատի կունենան հայկական կողմի բարձրացրած անհանգստությունը. «Այն, որ մենք ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում այս նիստը, արդեն վկայում է այն մասին, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որեւէ երկրի կողմից սպառնալիք չլինի: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է գործեն միմիայն իրավական դաշտում»: Վիբորնին նաեւ հավելել է, թե ՀԱՊԿ-ը տարածաշրջանում միակ կազմակերպությունն է, որը մոբիլիզացնում է ուժերը եւ ցանկանում է բոլոր միջոցներով կարգավորել եղած հակամարտությունները. «Ահա թե ինչու այսօր պետք չէ որեւէ մեկին հանդիմանել, որ այսպես է, այնպես է, իսկ դուք ցանկանում եք այսպես, այնպես: Մեր մշտական հանձնաժողովի խնդիրն է այնպես անել, որպեսզի կանխարգելվեն ռազմական կոնֆլիկտներն ազգային հողի վրա: Մենք` խորհրդարանականներս, պետք է խոսենք օրենքի լեզվով: Մենք` որպես երկու ժողովուրդներ, շատ ընդհանրություններ ունենք, եւ այն ցավը, խնդիրները, որոնք դուք արծարծում եք, հավատացնում եմ` մեզ ծանոթ են»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս