ԾԵԾԿՌՏՈՒՔ ԱՐԱՐԱՏՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հոկտեմբերի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատ քաղաքում. թոռը ծեծի է ենթարկել իր տատիկին եւ հարազատ քրոջը: Պատճառն այն է եղել, որ նա տատիկից գումար է պահանջել, սակայն տատը հրաժարվել է այն տալ: Ոստիկանության հասարակայնության կետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը:
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀԸ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝ բյուջետային քննարկումների ժամանակ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հռչակել է համայն հայության նախարար: Բանն այն է, որ ըստ Արամ Մանուկյանի` օրական մոտավորապես հազար հոգի է արտագաղթում: «Հայաստանի բալանսից անցնում են սփյուռքի բալանս: Եթե հինգ տարի էլ էսպես գնա, Դուք դառնալու եք համայն հայության նախագահ կամ նախարար»,-ասել է նա: Մանուկյանը նաեւ նշել է, որ աննորմալ երեւույթ է, երբ ՀՀ դեսպանատներում սփյուռքի նախարարությունը պետք է ունենա հաստիք: Հրանուշ Հակոբյանը հստակեցրել է, որ այնտեղ ընդամենը ավելացել են դիվանագետների հաստիքներ, որոնք կաշխատեն սփյուռքի հետ:
ՄԻՇՏ ԿԱ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2014թ. պետական բյուջեն ներկայացնելիս հայտարարել էր, թե կոռուպցիայի ընկալման ցուցանիշն առաջին հերթին դրսեւորվում է երկու ոլորտներում` առողջապահության եւ կրթության: «Եվ հենց այս երկու բնագավառներում էլ արձանագրում ենք, որ կոռուպցիայի ընկալման ցուցանիշի վատթարացում գոյություն ունի»,-ասել էր նա: Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով այդ հայտարարությունները, նշեց, թե կրթության ոլորտում կոռուպցիան միշտ եղել է: «Կրթության համակարգում կոռուպցիոն երեւույթները, ցավոք, այդ համակարգի աքիլլեսյան գարշապարն են` դեռեւս Խորհրդային Հայաստանից սկսած: Կոռուպցիան տարբեր ձեւեր է ստանում, վերջնականապես արմատախիլ անելու ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: Ի վերջո, սա ամենազանգվածային ոլորտն է, ամենամեծ թվով շահառուներ ունի,-ասաց նա` հավելելով, որ իրենց ոլորտում կոռուպցիայի դեմ ձեռնարկվող քայլերը խնդիրը դեռ վերջնականապես չեն լուծել,-իսկ վարչապետը միշտ ուշադիր է, որ հատկապես կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները լինեն առավել արդյունավետ»: