Գիշերը Երևանում տեղի ունեցած բախումներին ակտիվորեն հետևել, ինչպես նաև դեպքի վայրից լուսաբանել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:
Մասնավորապես, Lifenews-ը գրում է, որ գիշերը ցուցարարների ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել լուսաձայնային նռնակներ կիրառել: Ինչպես նաև հաղորդվում է ավելի քան 60 վիրավորի մասին: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ բախումների ժամանակ վիրավորում ստացած օպերատորը (Lifenews-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը) հիվանդանոց է տեղափոխվել:
«Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայաթյանին, հայտնել է, որ բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում: «Նրանցից մեկի աչքը վիրահատել են, մյուսը այրվածքներ է ստացել»,- ասել է Հայաթյանը:
«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանի խոսքը, ով հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունը կհետաքննի լրագրողների հետ առնչվող բոլոր դեպքերը:
Երևանյան իրադարձություններին անդրադարձել են նաև «Կոմերսանտ»-ը, Russia today-ը, «Վեդոմոստի»-ն, «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը և մի շարք այլ առաջատար լրատվամիջոցներ: