Աչքը կորցրած տղային տեղափոխող ավտոմեքենան վթարվել էր. ինչ մանրամասներ է հայտնում նրա հորեղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով  աչքը կորցրած 17-ամյա Սայաթ Հարությունյանի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե տղայի աչքը չհեռացնեին կարող էր պատճառ դառնալ, որ մյուս աչքը ևս վնասվեր. «Բժիշկն ասել էր, որ աչքը թափելա և եթե չհեռացնեին, կարող էր վնասել նաև մյուս աչքը. ստիպված են եղել հեռացնել: Ինքը հիմա նորմալ է, բայց դարձավ հաշմանդամ»:

Սայաթը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Շատվան գյուղից է, ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է ապրում. «Իբր մի շատ փող ունեն, մի հատ էլ տրանսպորտի փող տար, գար հասներ ցույցի, եկել էր եղբորը տեսակցելու»:

Սայաթն ունի երկու քույր, հորեղբոր խոսքով` վիրավորվելուց հետո նա զանգահարել է ու ասել, որ չվախենանք, ամեն ինչ կարգին է, բայց իրականությունը այլ էր. «Ոչ մեկը չէր մտածում, որ կարող էր Սայաթը վիրավորվել, եկա տեսա մեքենայից իջեցրին, չէին թողնում, որ մոտենայինք ու մեկ էլ ասեցին, որ Սայաթը վիրավորվել ա, պայթյուն ա եղել ու աչքը թափել ա, մեքենան վթարվել ա հիվանդանոցի ճանապարհին, իջեցրել նստերցրել են շտապօգնության մեքենան ու նոր հասցրել հիվանդանոց»:

Հավելենք նաև, որ փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարություն էր տարածել, որ իրեն է զանգահարել Սայաթի հորեղբայրն ու  հայտնել, որ իրենց օգնություն ցուցոբերած անձին բերման են ենթարկել. «Քիչ առաջ ինձ է զանգահարել երեկ երեկոյան Սարի թաղում կատարված գործողությունների հետևանքով աչքը հեռացված 17 ամյա Սայաթ Հարությունյանի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը՝ հայտնելով, որ գիշերը ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, երբ իրենք հարազատների հետ միասին գտնվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ գտնվել է վիրահատված երեխան, ոստիկանության աշխատակիցների կողմից բժշկական կենտրոնի բակից ոստիկանության Նոր Նորքի բաժին է տարվել և մինչ այժմ այնտեղ է գտնվում իր ընկերը՝ Արման Վազգենի Մարկոսյանը, որն ընդամենը իր մեքենայով երեխայի հարազատներին տեղափոխել է հիվանդանոց՝ երեխայի մոտ գտնվելու համար: Նկատի ունենալով, որ կատարվածը բացարձակ հակաօրինական գործընթաց է, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանն անհապաղ բաց թողնել ապօրինաբար բերման ենթարկված և ներկայումս ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվող Արման Բազգենի Մարկոսյանին»:




Լրահոս