ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է
Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը երեկ ենթարկվել է սրտի վիրահատության: ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանի տեղեկացմամբ` վիրահատությունն անցել է նորմալ, հիվանդի վիճակը կայուն է:

ԸՆԴՈՒՆՎԵՑ
ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը երեկ 64 կողմ եւ 1 դեմ ձայներով ընդունել է Երեւանի ավագանու անդամների ընտրության վերաբերյալ բանաձեւն ու հանձնարարականը: «Առավոտ»-ի տեղեկացմամբ` երկու փաստաթղթերի վերաբերյալ էլ չի արվել փոփոխության որեւէ առաջարկ: Ավագանու ընտրություններում ԵԽ կոնգրեսի պատվիրակությունը ղեկավարած Սթյուարթ Դիքսոնն ասել է, թե Երեւանի ավագանու ընտրությունները տեխնիկապես լավ էին կազմակերպված եւ իրենց ամենակարեւոր հանձնարարականն այժմ վերաբերում է ընտրացուցակներին, մասնավորապես դրանցում հաշվառված բոլոր անձանց ներգրավվածությանը:

ՀՕԳՈՒՏ ՆՈՒՅՆԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ
Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության եւ արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են՝ բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: «Մենք՝ համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը եւ ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասսայից»,-ասված է հայտարարության մեջ:

ԲԱՐԳԱՎԱՃ ԵՆՔ, ԷԼԻ՛
Բրիտանական The Legatum Institute-ի հրապարակած ցուցանիշներով` երկրների բարգավաճության համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջ է շարժվել 3 հորիզոնականով: Նշենք, որ վարկանիշը կազմվում է 8 հիմնական ցուցիչների եւ  80 ցուցանիշների հիման վրա: Ի դեպ, Հայաստանն ամենաբարձր տեղն ունի կրթություն ցուցիչով՝ 42-րդը: Իսկ ահա տնտեսություն, անձի ազատություն, սոցիալական կապիտալ եւ այլ կարեւոր ցուցիչներում 100-րդ տեղից ցածր ենք: Ամենաբարգավաճ երկիր է ճանաչվել Նորվեգիան, որին հետեւում են Շվեյցարիան ու Կանադան: Հարեւան երկրներից Ադրբեջանը 81-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 84-րդ:




Լրահոս