Երեկ երեկոյան Սարի թաղում տեղի ունեցած բախումների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ:
–Տիկի´ն Ալավերդյան, Դուք երեկ երեկոյան գտնվել եք Սարի թաղում, ի՞նչ կարող եք ներկայացնել:
-Ես երեկ Սարի թաղ չեմ եղել, ես դա դիտարկել եմ կոմպով, քաղաքում չեմ եղել, եւ արդեն գիշերվա կեսին գնացի Լուսավորիչ հիվանդանոց:
Մեր հոգեբանն է եղել այնտեղ, եւ իրավաբանները: Ես կարծում եմ, որ երիտասարդ մեր աշխատողներին պետք չէր այդքան դաժանություն միանգամից տեսնելը: Դա իրապես շատ ծանր հետեւանք է թողնելու թե´ հասարակության, թե´ բոլոր այն անձանց վրա, ովքեր այդտեղ եղել են: Կարծում եմ` իշխանությունները կոպիտ սխալ են գործել, եւ նրանք ամեն անգամ այդպիսի գործողություններից հետո պետք է ակնկալեն, որ բողոքը ավելի է ուժեղանալու, բողոքողները հմտանալու են, եւ, ի վերջո, իշխպանության ձեռքին է այս հարցի լուծման բանալին:
Պետք է վերջապես զուտ քրեական դաշտից տեղափոխեն առնվազն հասարակական-քաղաքական երկխոսության դաշտ: Եւ բոլորի համար հայտնի է, որ դա կարող է անել եւ պարտավոր է անել իշխանությունը, այն ինչ դա չի անում հուսանք, որ պետք է անի:
-Երեկ բացի ցուցարարներից բռնության ենթարկվեցին նաեւ լրագրողները: Այս մասով ի՞նչ կասեք:
-164-րդ հոդվածը վերաբերում է զուտ լրագրողների հանդեպ այն աննախադեպ, գոնե այս վերջին տարիների համար, բիրտ ուժի կրառմանը, նպատակադրված եւ հստակ ուղղված բոլոր այն նորմերի ոտնահարմանը, որոնք վերաբերում են խոսքի ազատությանը, հավաքների, անձի անձեռնամխելիության, ոստիկանության կողմից իրենց լիազորման չարաշահմանը:
Այդ բոլորը այդպես չի մարսելու հանրությունը. համոզված եմ, որ չնայած տարեց տարի բիրտ ուժի կիրառումը ավելի ու ավելի սաստկանում է` մեկ տարբերությամբ` եթե երկրորդի ժամանակ սպանություններ են տեղի ունեցել, եւ համոզված եմ, որ երրորդի` զուտ բնավորության որոշ գծերի տարբերությունով, ոչ թե սպանելու համար են կրակում, ծեծում, այլ զուտ խեղելու եւ լավ սարսափեցնելու նպատակով:
-Ի՞նչ եք կարծում` այս իրավիճակը որքան կարող է շարունակվել: Արդյոք երեկվա իրադարձությունները կարո՞ղ են կրկնվել:
-Քանի որ իշխանությունների ռազմավարությունը շատ պարզ նշմարվում է, այսինքն ամեն անգամ բերման են ենթարկում կամ ձերբակալում են ակտիվիստների, ովքեր որ այս ինքնաբուխ հավաքների համակարգումը վերցնում են իրենց վրա, լավ երեւում է, որ հենց դրանց են բերման ենթակում կամ ձերբակալում: Եւ այս առումով այսօր կլինի, թե չի լինի, կվերցնի թե չի վերցնի իր վրա դեռ ազատության մեջ գտնվող ակտիվիստը դա պետք է տեսնենք, այսօրվա օրը ցույց կտա:
Արփինե Թովմասյան