Քաղաքացիներից մեկին ոստիկանները բռնել և ներկայացրել են Աշոտ Կարապետյանին` ասելով, թե նրա հեռախոսում ՊՊԾ գնդի զենքերի նկարներն են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am լրատվականը տեղեկացավ, որ այսօր գիշեր Ազատության Հրապարակից դեպի Խորենացու փողոց երթի ժամանակ բռնություն է գործադրվել, ապա բերման ենթարկվել նաեւ ակտիվիստ Մոմիկ Վարդանյանը: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ իրականում իրեն շփոթել են երթի մասնակիցների հետ, ոստիկանական մեքենա են նստեցրել եւ տարել Խորանոցու փողոց:

Այս թեմայի շուրջ Armlur.am լրատվականը զրուցեց Մոմիկ Վարդանյանի հետ, ով պատմեց, որ իր նկատմամբ ոստիկանները բռնի ուժ են ցույց տվել այն պահին, երբ փորձել է նկարահանել իր ընկերոջը՝ «Բամբիռ» խմբի անդամ Մելոյին, ում նկատմամբ նույնպես ոստիկանները բռնություն են ցուցաբերել. «Մելոյին ծեծով մեքենա նստացնելու պահն էի նկարում, որ բռնեցին»:

Բացի այս, ոստիկանները նրանց երկուսին էլ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել: Մոմիկի պատմելով` ինքը վերջին ակցիաներին մասնակցել է, սակայն, երեկվա ակցիային չի մասնակցել. ինքն այլ վայրից է գալիս եղել և իր կամքից անկախ հայտնվել «ցուցարարի կարգավիճակում»: Մեր զրուցակցի պատմելով` ճանապարհին մեքենան պարբերաբար կանգնեցրել են, եւ ոստիկանները նորից ծեծել են երկուսին: Ապա՝ ոստիկանները նրանց տարել են Խորենացու փողոց, որտեղ եւ ներկայացրել են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ու զեկուցել, թե իբր երկուսին բռնել են միայն երթին մասնակցելու ու հեռախոսի մեջ գտել են Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի նկարը ու իրենց զենքերի լուսանկարները: Մոմիկը Armlur.am լրատվականին պատմեց, որ իրենց խփել են ու անընդհատ կրկնել՝ թե իրենց զենքերն են լուսանկարել:

«Երեկ ինձ անկապ տեղը` իբրեւ թե երթից բռնել են: Ես երթին չեմ մասնակցել երեկ ու լուրերից էլ տեղյակ չէի` ինչ է կատարվում ու անգամ շատ հեռու տեղում էի: Ես սպանդից ազատվելու համար ասացի, որ շատ հեռու տեղից են ինձ բռնել, ասեցի, որ խմած եմ, բայց էսօր ես Խորենացիում դեռ չեմ եղել: Ինձ ու Մելոյին առեւանգած ոստիկանները իրանց վերադասներին խաբում էին, ասում էին երթից ենք բերել, Միայնակ Գայլի ընկերներն են: Հեռախոսս իրենց մոտ էր: Մելոն, որ չէր եղել դեռ Խորենացիում, ասաց, որ պետք է օդանավակայան գնա, որովհետեւ ուրիշ ճար չկար, բայց իրեն բաժին կամ չգիտեմ ուր տարան, ինձ բաց թողեցին: Վախեցած էի, հեռախոսիս մեջից նկարները ամբողջությամբ ջնջել են: Իմ հեռախոսում ՊՊԾ գնդի զենքի նկարներ չեն եղել: Սա իրանց մեղադրանք ա: Աշոտ Կարապետյանին են այդպես ներկայացրել»:

Զրույցի ընթացքում Մոմիկը պատմեց, որ իրեն մոտեցող ոստիկանը սպիտակ շապիկով է եղել եւ ոստիկանի տեսք չի ունեցել, նաեւ՝ զենք ուներ: «Երբ ասեցի ներկայացի, նյարդայնացավ ու ասեց, որ իր համազգեստը ճղել են, մեքենայում համոզվեցի, որ դա սուտ է, որ էտ հասարակ ոստիկանները կատաղած են, ու իրանց սովորացրել են կատաղել ու հայհոյել ամեն պատահածի»,- պատմեց երթի մասնակիցը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս