Ինչում են կասկածվում Արմեն Մարտիրոսյանն ու Անդրիաս Ղուկասյանը. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի եւ  Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ։

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից  հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց կողմից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում անկարգություններ կազմակերպելու  վերաբերյալ։

Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձինք կազմակերպել են  զանգվածային անկարգություններ, որի ընթացքում բռնություն է գործադրվել տվյալ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ, որի հետեւանքով  վտանգվել է հասարակական անվտանգությունը։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն  առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Զանգվածային անկարգությունները կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը։

Նախնական տվյալներով՝  հուլիսի 29-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով  ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու համար բժշկական կենտրոններ են դիմել 67 մարդ։ Քննություն է տարվում պարզելու վերջիններիս  մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։




Լրահոս