ՀՅԴ-Ն ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԵՂԱՏՈՄՍ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունն արտագաղթի նվազեցմանը միտված «Մենք ապրելու ենք մեր երկրում» նախաձեռնությունների ծավալուն մի փունջ է մշակել, որն ավարտուն տեսքի հասցնելուց հետո այն կներկայացվի կառավարության ուշադրությանը: ՀՅԴ ծրագրի որոշ մանրամասներ «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Երկրի թիվ մեկ սպառնալիքն է արտագաղթը: Մեր ծրագիրը բաղկացած է 94 միջոցառումներից: Նախ՝ ներկայացնում է երկրում տիրող իրավիճակը, արտագաղթի տեմպերը կանխելուն խոչընդոտող առկա երեւույթները, այնուհետեւ՝ հստակ ներկայացնում ենք կոնկրետ քայլեր, առաջարկում ենք կադրային քաղաքականության տարբերակներ՝ ըստ որոնց հնարավոր կլինի արդյունավետ կերպով պայքարել ընդդեմ արտագաղթի»,-նշեց նա:
Պատգամավորը հատուկ ընդգծեց, որ այս ծրագիրը կուսակցական բնույթի չէ, այլ ազգային. «Ազգային պլատֆորմի, այսինքն՝ վերջինիս քննարկումներին ու մշակմանը թույլատրելի է ու ցանկալի, որ մասնակցեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ հասարակական սեկտորը՝ կազմակերպություններ, միավորումներ եւ այլն: Ստեղծվելու է նաեւ մոնիթորինգի խումբ՝ բաղկացած տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից: Մեր այս նախաձեռնությանը դրականորեն են արձագանքել բոլոր քաղաքական ուժերը: Իշխանության կազմից հատուկ ուզում եմ ընդգծել պաշտպանության նախարարության հետաքրքրվածության մասին` ի դեմս նախարարի»:
Ա. Մինասյանի խոսքով՝ ծրագրի մշակման գործում հսկայական աշխատանք կա արված, ու դեռ անելիքներ կան: Մեր հարցին, թե երբ է ծրագիրը ներկայացվելու կառավարության ուշադրությանը, նա պատասխանեց. «Երբ ավարտուն տեսքի գա, բայց նշեմ, որ կառավարությունն արդեն իսկ գործնական հետաքրքրություն ցուցաբերել է ծրագրի հանդեպ. երբ այն մասամբ հրապարակվեց, օրինակ՝ գյուղատնտեսության ու կրթության բնագավառներում` մասնավորապես բուհերի ռեյթինգավորմանն ու հողօգտագործման սահմանափակմանն առնչվող որոշ բարեփոխումներ իրականացվեցին: Մենք, իհարկե, խանդի զգացում չունենք, ուրախ ենք, որ մեր նախագծերն արդյունավետ են, սակայն փաստ է, որ այն մերն են՝ ՀՅԴ-ինը, թեեւ նորից կրկնեմ. կարեւորը ժողովրդի համար արդյունավետությունն է, մեր աշխատանքները դրան են ուղղված, դրան է ուղղված նաեւ մեր «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի նվազեցմանն ուղղված ծավալուն ծրագիրը»:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




Լրահոս