ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Քրեական հեղինակություն Ռաֆիկ Մադոյանի սպանության նախապատրաստման գործով վեց հոգուց բաղկացած խումբը՝ Վարուժան Քարիմյանը, Սարգիս Զազյանը, Դավիթ Զիրոյանը, Արմեն Պետրոսյանը, Մարտին Ծերունյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, 2013թ. մայիսի 11-ից անազատության մեջ է: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությունը): Իսկ Մադոյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Հովհաննես Ղամարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշվում էր, որ ոստիկանությունը մեկ տարուց ավելի աշխատանք է կատարել այդ խմբին բացահայտելու համար: Սակայն ավելի քան 5 ամիս կատարվող նախաքննությունը չի ավարտվել:
Զանգահարեցինք կալանքի տակ գտնվող ազատամարտիկ, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 43-ամյա բնակիչ Վարուժան Քարիմյանի տուն: Նրա մայրը՝ տիկին Ռաիսան, ասաց, որ անցած 5 ամսում իրենց ընտանիքի անդամներին չի թույլատրվել տեսակցել կալանավորված Վարուժան Քարիմյանի հետ, որ ընտանիքը գոյատեւում է իր ստացած կենսաթոշակով եւ Վարուժանի ավագ՝ 18-ամյա որդու վաստակով: Տիկին Ռաիսան ասաց, որ Վարուժանի ավագ որդին արդեն մի քանի ամիս է` աշխատում է, որպեսզի տան կարիքները հոգան: «Եթե այդ գործի համար Վարուժանը մեծ գումարներ է ստացել, ինչո՞ւ նրա որդին պետք է աշխատեր ուրիշների մոտ»,-հարցրեց տիկին Ռաիսան: Նա հայտնեց, որ  Վարուժան Քարիմյանի շահերը պաշտպանում է երեւանցի մի փաստաբան: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ գործով քննությունը  շարունակվում է:

ՓՈՂ ՉՈՒՆԵՆ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շատ են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից բնակիչներից գումարի բռնագանձման պահանջով հայցերը: Դրանք հատկապես մեծ թիվ են կազմում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում: Կապի ծառայության դիմաց քաղաքացիների պարտքերի չափերը տարբեր են, դատարանն էլ, որպես կանոն, բավարարում է «ԱրմենՏել»-ի ներկայացրած հայցերը:  Նկատենք, որ Տավուշի մարզի բնակիչները, որքան էլ կարիքավոր լինեն, միշտ առաջնահերթ վճարել են կոմունալ վարձերը: Եվ եթե այսօր դատարաններում այդքան շատ են հայցերը, դա վկայում է այն մասին, որ մարզի բնակիչները ծայրահեղ աղքատության մեջ են, այնքան, որ   նույնիսկ հեռախոսով խոսելու դիմաց վճարելու փող չունեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս