ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն՝ ԱՊԱՐԱՆՅԱՆ ԿԼԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008թ. նոյեմբերի 3-ին ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հանդիպում է ունեցել ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ, որից հետո ԱՄՆ պետդեպին ուղարկած զեկույցում կաթողիկոսին ներկայացրել է որպես քաղաքականապես ոչ տեղեկացված կլանային հեղինակություն:
«Վիկիլիքսյան» բացահայտումների միջոցով հանրային շրջանակներին հասանելի դարձած հերթական փաստաթուղթը ներկայացնում է հենց այդ հանդիպման մանրամասները: ԱՄՆ դեսպանի եւ կաթողիկոսի զրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են տարածաշրջանային քաղաքականության հարցերը, Վրաստանում հայոց եկեղեցիների շուրջ ստեղծված դրությունը: Մ. Յովանովիչն ընդգծել է տարածաշրջանային հիմնախնդիրների կարեւորությունը: Նա հիշեցրել է սեփական մոտեցումները Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ու դրանք համարել մեր երկրի առաջնային խնդիրներից մեկը: Ի պատասխան դեսպանի խոսքերի՝ կաթողիկոսն իր լավատեսական մոտեցումն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ սկսված գործընթացի շուրջ: Կաթողիկոսը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ եզրափակելով. «ԱՄՆ-ի օգնությամբ Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների կարգավորումը խիստ մոտ է»:
Զրույցի ժամանակ դեսպանը հիշեցրել է նաեւ նույն թվականի հոկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրեյդի ու կաթողիկոսի հանդիպման ժամանակ արծարծված Վրաստանում հայկական եկեղեցիների խնդրի մասին: Ամերիկացի դիվանագետը խոստացել է, որ Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Տեֆտը վրացական եկեղեցու ղեկավարների՝ հայկական եկեղեցիների հանդեպ ունեցած վերաբերմունքի շուրջ հատուկ խոսակցություն կունենա Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Կաթողիկոսը դեսպանին զգուշացրել է, որ վրացական եկեղեցու ղեկավարների հանցավոր անտարբերությունը տվյալ խնդրի հանդեպ «կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների եւ բռնությունների»: Հետաքրքիր է, թե այդ ինչ հնարավոր բռնությունների մասին է ակնարկել կաթողիկոսը, ինչին իր զեկույցում հատուկ անդրադարձել է դեսպանը:
Հիշեցնենք, որ Վրաստանում հայկական եկեղեցիների պատկանելության շուրջ երկար տարիներ շարունակվող վեճը երկու երկրների եկեղեցիների միջեւ լուրջ խզման եւ  փոխադարձ մեղադրանքների տեղիք էր տվել: Այդ համատեքստում հիշատակելի է 2009թ. Գարեգին Բ-ի նամակն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, ում կաթողիկոսը խնդրել էր միջամտել այս հարցին. «Կրոնական կյանքը ներկայիս Վրաստանում ավելի խստացված է, ճնշված եւ անհանդուրժող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Մենք կարիքն ունենք Ձեր անհապաղ միջամտության վրացական կառավարության անտարբերության եւ ցոփ արհամարհանքի պայմաններում: Մենք հույս ունենք, որ Ձեր կառավարությունը կձեռնարկի համապատասխան քայլեր դրականորեն ազդելու համար այս անընդունելի իրադրության վրա»: Ուշագրավ է, որ Հայաստանի անկախությունն ամեն ինչից վեր դասող կաթողիկոսը հարեւան երկրի եկեղեցու հետ հարաբերություններն անմիջականորեն կարգավորելու փոխարեն դիմում է երրորդ երկրի նախագահին: Մի՞թե այդքանից հետո պատահական էին 2011թ. Գարեգին Բ-ի՝ Վրաստան կատարած այցին հետեւած սկանդալը եւ վրաց պատրիարքի վերաբերմունքն ու հնչեցրած հայտարարությունները հայոց կաթողիկոսի մասին:
Ամփոփելով իր հաղորդումը՝ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մի ընդարձակ մեկնաբանություն է թողել, որը, մեղմ ասած, դրականորեն չի բնութագրում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդին. «Թեպետ կաթողիկոսն ավելի քան լավատես էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, բայց կարծես խոսում էր որպես ոչ այնքան տեղեկացված գործիչ: Թեեւ իրեն ներկայացնում է իբրեւ հայկական քաղաքականությունից անմասն, բայց մենք գիտենք, որ Գարեգին Բ-ն բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՀ իշխանությունների հետ եւ հաճախ է հանդես գալիս պրո-իշխանական դիրքում: Իշխանությունների հասցեին հրապարակային քննադատության բացակայությունը, ընտրությունների ժամանակ դրսեւորած վարքագիծը եւ նման այլ գործողություններն առաջացրել են հավատացյալներից շատերի անհանգստությունն ու նույնիսկ զայրույթը: Չնայած այն հանգամանքին, որ եկեղեցու ներսում կան բողոքողներ, նրանք թաքցնում են իրենց դժգոհությունը: Նման մի հոգեւորական, բնութագրելով կաթողիկոսի լռությունը մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, այն անվանել է «բորբոքված վերք» եկեղեցու ներսում: Քաղաքականապես բանիմաց մարդկանց շրջանում Գարեգին Բ-ն բնութագրվում է որպես «Ապարանյան կլանի» ներկայացուցիչ, որտեղ հավաքված են արմատներով Ապարան քաղաքից սերված քաղաքական ու տնտեսական գործիչները: Ի դեպ, կլանի ղեկավարը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Կաթողիկոսը համարվում է այդ կլանի երկրորդ ազդեցիկ ներկայացուցիչը. հանգամանք, որն ավելի է ամրացնում կաթողիկոսի եւ իշխանությունների մտերիմ հարաբերությունների մասին պատկերացումը»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս