Սարի թաղում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:
Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարվկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ /Արմենիա հեռուստաընկերություն azatutyun.am a1plus.am 1in.am lragir.am panorama.am civilnet.am news.am. armlur.am/ խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:




Լրահոս