«ՊԵՏՔ Է ՇԱՀԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հոկտեմբերի 27-ին Հայաստանի կոմպոզիտորները եւ  երաժշտագետներն ընտրեցին իրենց միության նախագահին։ Վերջին ամիսներին բորբոքված  կրքերից հետո իշխանափոխություն եղավ, եւ 22 տարի միությունը ղեկավարած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին փոխարինեց մեկ այլ հայտնի կոմպոզիտոր՝ Արամ Սաթյանը։ Միության նորընտիր նախագահի հետ էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց համագումարի ընթացքի, ինչպես նաեւ առաջիկա անելիքների մասին։
-Համագումարի օրն ակնհայտ էր, որ փոփոխությունների կողմնակիցները ոգեւորվել եւ սրտանց շնորհավորում էին Ձեզ։ Դուք ինչպե՞ս ընդունեցիք քվեարկության արդյունքները, եւ ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը` որպես միության նախագահ։
-Առաջին քայլը, իհարկե, կլինի որոշ բաներ պարզելուց հետո համատեղ ժողովի  անցկացումը, որպեսզի ես իմանամ մեր միության անդամների ցանկությունները, առաջարկները։
-Համագումարի ընթացքում էլ, բացի քննադատությունից, հնչեցին նաեւ կոնկրետ առաջարկներ: Դուք դրանք հաշվի առնելո՞ւ եք:  
-Իհարկե։ Բայց նաեւ կան մարդիկ, ովքեր հրապարակային ելույթ ունենալ չեն սիրում, սակայն ավելի կոնկրետ առաջարկներ կարող են ներկայացնել ինձ, վարչությանը։ Արդեն կոնկրետ քայլերը կան, թե ինչ է առաջարկվելու վարչությանը, ինձ, կա մտածելակերպը… Նոր մոտեցում պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի շատ թափանցիկ եւ օրենքի սահմաններում։
-Համագումարը երկու օր տեւեց, սկսվեց Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով, հնչեցին բազմաթիվ քննադատական ելույթներ… Երբ ավելի հանգիստ հիշում եք այդ ամենը, ինչպե՞ս կբնութագրեք համագումարի ընթացքը։
-Այո՛, համագումարը տեւեց երկու օր, բայց կարող էր նաեւ երեք օր տեւել։ Ինչ վերաբերում է ստացած տպավորությանը, ապա ուղղակի դրա ընթացակարգն այնքան էլ պարզ չէր։ Իսկ  մնացած հարցերում, կարելի է ասել, գործնական համագումար էր։ Կարող էր լինել նաեւ նվագախումբ, ինչո՞ւ չէ։ Իհարկե, դա աննախադեպ էր, որովհետեւ այդպիսի բան դեռ չէր եղել։ Բայց եթե հիշենք հին ժամանակները, ապա մենք միշտ մինչեւ համագումարն ունեցել ենք համերգաշարեր, որտեղ կատարվել են հայ կոմպոզիտորների ինչպես կամերային, այնպես էլ սիմֆոնիկ ստեղծագործությունները։
-Քվեարկությունից հետո ի՞նչ եղավ, ի՞նչ մթնոլորտ էր, շնորհավորեցի՞ն…
-Ամեն ինչ շատ նորմալ էր… Մի առիթով ասացի եւ հիմա կրկնում եմ. երբ դահլիճը պայթեց իմ ընտրությունից հետո, հիշեցի 1973 թիվը, երբ Լեւոն Իշտոյանը ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակչում խփեց առաջին գոլը Կիեւի «Դինամո»-ին։
-Այսինքն՝ նման մեծ ոգեւորությո՞ւն։
-Այո՛, հենց դա նկատի ունեմ։
-Իսկ վերջին համագումարի բացը լրացվե՞լ է, վարչություն ընտրվե՞լ է։
-Մենք անմիջապես քվեարկեցինք, ընտրեցինք վարչության կազմ։ Իսկ թե ինչպես այն կաշխատի, ժամանակը ցույց կտա։ Ընդ որում, վարչության կազմում կան ե՛ւ ինձ կողմ, ե՛ւ ինձ դեմ մարդիկ։ Ուզում եմ հայտարարել, որ ժամանակը պիտի գա, եւ ես պիտի այնպես անեմ, որ կողմ կամ դեմ չլինի, բոլորը միմյանց հավատան, միմյանց նվիրված լինեն, որովհետեւ մենք գործընկերներ ենք, ընդհանուր գործ ենք անում։
-Միությունում աուդիտ անցկացնելո՞ւ եք. չէ՞ որ, ի վերջո, ինչպես համագումարի ընթացքում հնչած ելույթներում նշվեց, միությունում վերստուգիչ հանձնաժողով, վարչություն չի գործել, երկու ռոյալի հետ կապված եւ այլ գույքային, ֆինանսական հարցեր կան։
-Ես կարող եմ պաշտոնապես նաեւ Ձեր թերթի միջոցով հայտարարություն տալ, որ կոմպոզիտորների միությունը հայտարարում է աուդիտ, եւ ցանկացողները կարող են դիմել կոմպոզիտորների միություն։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս