ArmLur.am-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի թիմի տղաները երեկ գիշեր ոստիկաններին «օգնել» են չեզոքացնել Սարի թաղում հավաքված քաղաքացիներին:
Լուրեր են շրջանառվում այն մասին, ոչ տղաների մեջ եղել են վիրավորներ, որոնք ապաստան են գտել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիրակապել են նրանց վերքերը եւ արագ հեռացրել տարածքից:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ: Հոսպիտալի պետը մեզ վստահեցրեց, թե տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. «Դա կոպիտ ապատեղեկություն է: Ընդհանարապես ոչ մեկին աջակցություն չի ցուցաբերվում: Դա Պաշտպանության նախարարության կենտրոնական զինհոսպիտալն է, ոչ թե աջակցության կենտրոն: Մենք հստակ խնդիր ենք կատարում մեր երկրի անվտանգությունը պահպանելու համար»,- եզրափակեց Արամ Ասատուրյանը:
Այդուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ գիշերվա բախումների հետևանքով վնասվածքներ ստացած թիկնապահի արտաքին ունեցող տղաները բուժօգնության են դիմել զինհոսպիտալում, թերևս քաղաքացիական հիվանդանոցներում ուշադրություն չգրավելու համար անձիք հոսպիտալում բուժօգնություն ստանալուց հետո նստել են առանց պետհամարանիշի մեքենա և հեռացել: