Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են. ԲՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայրենակիցնե՛ր, այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին, անընդունելի և խստորեն դատապարտելի է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանիցս հանդես է եկել հորդորով ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել բացառապես փոխզիջումների և երկխոսության ճանապարհով: «Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների և անզեն քաղաքացիների հանդեպ իրավապահների կողմից կիրառված ՝ ոչ համարժեք ուժը և կոչ անում անհապաղ պատժել մեղավորներին: Այո՛, մեր երկրում կան բազմաթիվ համակարգային լրջագույն խնդիրներ, որոնք օր առաջ հրատապ լուծում են պահանջում:

Սակայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում ՝ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով: Մեկ բան հստակ է ՝ զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս և առաջին հերթին ՝ Հայաստանի Հանրապետությունը: Կրկին կոչ ենք անում կողմերին ՝ րոպե առաջ գնալ երկխոսության և պատրաստ լինել զիջումների, ձեռնպահ մնալ բռնության կոչերից և ուժի կիրառումից: Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են: Այլ ելքեր չկան և չպետք է լինեն: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին ՝ մեկտեղել ջանքերը խաղաղ հանգուցալուծման ելքեր գտնելու համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում այսօր դիպուկահարի կրակոցից սպանված Յուրա Տեփանոսյանի ընտանիքին»:




Լրահոս