Ժողովուրդը կրկին մնաց առանց առաջնորդ. Ալբերտ Բաղդասարյանի անակնկալ որոշման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցելու նպատակով ստեղծված Հակաճգնաժամային խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա իր հայտարարության մեջ հայտնել է, որ խորհուրդը դադարեցնում է իր աշխատանքները և դա բացատրում է այնպես, որ խորհրդի անդամների մեծ մասը՝ նաև Ալեք Ենիգոմշյանը, կալանված կամ ձերբակալված են, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն շարունակել իրենց գործունեություն:

Իհարկե, տրամաբանական բացատրություն է, սակայն փաստը մնում է փաստ, որ ժողովուրդը կրկին մնաց մենակ` առանց որևէ առաջնորդի, ով կարող է թեկուզ խորհուրդներով օգնել նրանց: Իրականում Բաղդասարյանի` այս հայտարարությունը բազմաթիվ հարցեր և մտորումների տեղիք է առաջացնում. ինչն է իրականում ստիպել նրան նման որոշում կայացնել:

Ընդգծենք, որ սոցիալական ցանցերում նրա հայտարարության տակ մեկնաբանություններ կատարողները ևս տարակուսած են, թե ինչու վերջինս այդպիսի անակնկալ որոշում կայացրեց: Իսկ դա հասկանալու համար բավական է հիշել երեկվա իրադարձությունները: Ինչպես հայտնի է` երեկ հավաք տեղի ունեցավ Ազատության հրապարակում, որի ժամանակ հիմնականում ելույթ ունեցավ հենց Բաղդասարյանը, որից հետո երթ Երևանի փողոցներով, այնուհետև էլ ցուցարարների կողմից փակվեց Բաղրամյան պողոտան:

Նշենք, որ ամբողջ երթի ընթացքում ցուցարարները փնտրում էին Բաղդասարյանին. տարբեր հեռախոսահամարներից արվող անգերն անօգուտ էին. նա չկար ու չկար: Ի վերջո Բաղդասարյանը հայտնվեց շատ ուշ` արդեն հավաքի վերջում, երբ բոլորը Բաղրամյան պողոտայում էր: ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել էր, թե նա ինչպես է հեռախոսազրույց ունենում ինչ-որ մեկի հետ ու այդ անձնավարությունն էլ վերջինիս կոչ էր անում մարդկանց հեռացնել Բաղրամյանից: Այդ հեռախոսազանգից հետո նա հայտարարեց, որ հեռանում է Բաղրամյան պողոտայից, իսկ ցուցարարներն էլ վերադարձան Ազատության հրապարակ:

Այսպիսով, մեկ անակնկալ զանգն Ալբերտ Բաղդասարյանին հեռացրեց ասպարեզից, իսկ ժողովուրդն էլ կրկին մնաց առանց առաջնորդ: Իսկ վերջում հավելենք, որ խորհրդի անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Եղիշե Պետրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը ձերբակալված են, իսկ Ենիգոմշյանը`  կալանավորված:




Լրահոս