Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են 19 միլիարդ 567 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 3,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից: Այսպես՝ ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսվել է, որ եկամուտները պետք է կազմեն 559 միլիարդ 67 միլիոն դրամ, սակայն հավաքվել է ընդամենը 539 միլիարդ 500 միլիոն դրամ: Ըստ ֆիննախի՝ պետական բյուջեի` հարկեր եւ տուրքերից ստացվելիք եկամուտներն առաջին կիսամյակում պետք է կազմեին 532 միլիարդ 295 միլիոն դրամ:
Ի դեպ, այս ցուցանիշը պետական բյուջեի, այսպես կոչված, ճշտված պլանով է: Խորհրդարանի կողմից անցած տարի հաստատված 2016 թվականի պետական բյուջեի պլանով հարկեր եւ տուրքերը պետք է կազմեին 519 միլիարդ դրամ: Այսինքն՝ նախկինում արված մեր այն դիտարկումը, թե հարկեր եւ տուրքերի մասով պետական բյուջեն 8 միլիարդ դրամով է թերակատարվել, իրավիճակի ավելի մեղմ գնահատական էր, քան այն իրականում է: Պետական բյուջեի հարկեր եւ տուրքերն այս տարվա առաջին կիսամյակում թերակատարվել է 19 միլիարդ 694 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 3,7 տոկոսով: Արտաբյուջետային եկամուտները եւս կտրուկ նվազել են: Առաջին կիսամյակի արդյունքով դրանք կազմել են 12 միլիարդ 700 միլիոն դրամ, այնինչ՝ կիսամյակի պլանը եղել է մոտ 16 միլիարդ դրամ: Արտաբյուջետային միջոցներից ծախսվել է 8 միլիարդ 500, որը ընդհանուր պլանավորված ծախսի 63,3 տոկոսն է կազմում:
Հարկ է նշել, որ չնայած ընդհանուր հարկեր եւ տուրքերի մասով պետական բյուջեի մուտքերն անցած տարվա համեմատ 2,2 տոկոսով, կամ նույնն է, թե 11,1 միլիարդ դրամով աճել է, բայց առանձին հարկատեսակների գծով կտրուկ անկում է արձանագրվել: Մասնավորապես, կտրուկ նվազել են ավելացված արժեքի հարկից մուտքագրված եկամուտները: Վեց ամիսների արդյունքներով ԱԱՀ-ի գծով պետական բյուջե է մուտք եղել 177 միլիարդ 400 մլն դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 միլիարդ 200 միլիոն դրամով, կամ նույնն է, թե 7,9 տոկոսով: ԱԱՀ-ն տնտեսության վիճակը բնորոշող հիմնական հարկատեսակն է: Այսինքն՝ տնտեսական աճը չի կարող առանց ԱԱՀ մուտքերի աճի լինել: Իսկ երբ ԱԱՀ-ից ստացվող եկամուտները նվազում են, նման պայմաններում տնտեսական աճի մասին խոսելը ծաղրի է նման: Հաջորդ հարկատեսակը, որի մասով անկում է արձանագրվել, մաքսատուրքերն են:
Առաջին կիսամյակում մաքսատուրքերը կազմել են 25 միլիարդ 200 միլիոն դրամ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 5 միլիարդ 100 միլիոն դրամով: Ի դեպ, հավաքագրված մաքսատուրքերիից 9 միլիարդ 600 միլիոն դրամը ստացվել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գանձարանից:
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 581.6 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ընդհանուր ծախսերի 95.4 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 6 տոկոսով, կամ նույնն է, թե 32.8 մլրդ դրամով: Սակայն փաստն այն է, որ ծրագրվածից չկատարված են մնացել 28 միլիարդ 44 միլիոն դրամի ծախսեր:
Ուշագրավ է, որ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած փաստաթղթում թերի կատարված ծախսերի վերաբերյալ այսպիսի ձեւակերպման ենք հանդիպում. «Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը»: Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ չիրականացված ծախսերը կամ 28 միլիարդ դրամը, եթե անհրաժեշտ միջոցներ լինեին, ապա ծախսվելու էր պետական մարմինների կողմից չսահմանված կարգով:
Այլ կերպ ասած՝ լավ է, որ պետական բյուջեի միջոցները չեն բավարարել ծրագրված ծախսերն իրականացնելու համար, քանի որ ստացվում է, որ այդ դեպքում պետական միջոցների անիմաստ վատնում էր տեղի ունենալու, քանի որ թերի իրագործված ծախսերով արդեն իսկ պետական մարմիններն իրենց պարտավորությունները կատարել են: Միայն Հայաստանի կառավարությունը կարող է ինչ-որ ծախսեր ծրագրել, հետո դրանք չիրականացնել ու հայտարարել, որ իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ