Ներկայում տեղի ունեցող գլոբալ գործընթացները մտել են ակսելերացիայի՝ արագացման փուլ: Գլոբալ տարածությունում տերությունները զբաղված են սեփական ազդեցության բեւեռների ամրապնդմամբ: ՆԱՏՕ-ն նախաձեռնել է «անվտանգության խորացման» տակտիկա Արեւելյան Եվրոպայում՝ ընդլայնելով ռազմական բաղադրիչը, Ռուսաստանը զբաղված է ԵՏՄ ինստիտուցիոնալացմամբ, որը պետք է լավ միջավայր ձեւավորի ինտեգրացիոն գործընթացների համար, պայքար է գնում այս երկու բեւեռների միջեւ՝ ազդեցության ոլորտների բաշխման շուրջ Մերձավոր Արեւելքում եւ այլուր:
Այս համատեքստում ուրույն տեղ ունի Չինաստանը, որը թեեւ չի ստեղծել իր աշխարհաքաղաքական բեւեռը, բայց գտնվում է դրա փնտրտուքի մեջ: Այս գերհզոր ու արագ զարգացող երկիրն ի զորու է էականորեն փոխելու ուժերի բալանսը գլոբալ մակարդակում: Պատահական չէ, որ Ռուսաստանի ու Արեւմուտքի հայացքն այժմ ուղղված է դեպի Չինաստան, որոնք ուշի ուշով հետեւում են, թե ինչպես է առաջ շարժվում այդ հսկան:
Իսկ Չինաստանը զարգանում է շատ արագ ու արդյունավետ: Դեռեւս 2013թ Պեկինը ստեղծեց ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը, որին դեմ էր ԱՄՆ-ը, սակայն այն կայացավ ու ունի 57 անդամ: Հաջորդ տարի հայտարարեց 40 միլիարդ դոլարանոց «Մետաքսի ճանապարհի հիմնադրամի» ստեղծման մասին: Այս ամենով հանդերձ տնտեսական լուրջ կապերի մեջ է մտնում տարբեր երկրների հետ, կատարում միլիարդավոր դոլարների ներդրումներ: «Մեկ բեւեռ մեկ ուղի» լոզունգով Պեկինը նախաձեռնում է եվրասիական տարածությունում ստեղծել մի բեւեռ, որի կենտրոնում լինելու է ինքը:
Այդ նախաձեռնության համար չինական կառավարությունը նպատակադրվել է ներգրավել 65 երկիր, եւ արդեն ներդրել է գրեթե 900 միլիարդ դոլար: Նախաձեռնելով կառուցվածքային եւ կոմունիկացիոն թանկարժեք ու գայթակղիչ ծրագրեր՝ Պեկինը ձգտում է իր հետաքրքրությունների ոլորտում գտնվող երկրներին կապել իր հետ, եւ շարունակական փոխշահավետ ֆինանսատնտեսական շփումներով համախմբել իր շուրջը: Այս ամենին հետեւող Արեւմուտքն ու Ռուսաստանը փորձում են իրենց կողմը գրավել այդ հզոր տերությանը, որն էականորեն կթուլացնի հակառակորդին: Սակայն զգուշանում են, չեն փորձում խորը համագործակցության մեջ մտնել: ԱՄՆ-ն Չինաստանին դիտարկում է որպես պոտենցիալ մրցակից, որը լուրջ ազդեցություն ունի խաղաղօվկիանոսյան եւ հարավարեւելաասիական տարածաշրջաններում եւ կարող է ավելի հեռուն գնալ, եթե ԱՄՆ-ը սկսի նրա հետ դաշնակցել:
Չինաստանը, որն օբյեկտիվորեն ունի սեփական ուժեղ ամբիցիաները, ԱՄՆ-ին ընկալում է իբրեւ խոչընդոտ իր քաղաքական շահերի իրացման ճանապարհին եւ հասկանում է, որ դաշնակցությունը նրա հետ կարող է զրկել ինքնուրույնությունից: Բացի այդ՝ նրանց պատկերացումները գլոբալ հարցերի կապակցությամբ հաճախ են հակասական:
Ինչ մնում է Ռուսաստանին, ապա նրա հետ քաղաքական շահերի համընկում կա, որը հիմնականում պայմանավորված է Արեւմուտքի հետ հակասությամբ ու մրցակցությամբ: Բայց, չնայած դրան, Մոսկվան նույնպես չի շտապում Պեկինի հետ բեւեռ ստեղծել, քանի որ այս պարագայում առկա է լինելու լիդերության ճգնաժամ, որն էլ կմեծացնի կոնֆլիկտի ռիսկը: Պարզ է, որ աշխարհաքաղաքական ճկուն ու երկարակյաց բեւեռ ստեղծելու համար պետք է մեկ լիդեր, որը թույլ չի տա ճգնաժամերի առաջացում, իսկ Պեկինն ու Մոսկվան հավերժ պայքարելու են այդ կարգավիճակի համար:
Մյուս պատճառն այն է, որ ռուսները չինացիների հետ գաղափարական-մշակութային որեւէ ընդհանրություն չունեն, իսկ առանց այդ կարեւորագույն կոմպոնենտի, հնարավոր չէ աշխարհաքաղաքական բեւեռ ստեղծել, քանզի բեւեռը միայն քաղաքական-տնտեսական շահերի միավոր չէ, այն գաղափարական, արժեհամակարգային հիմքով ստեղծված ամուր, ինտեգրացիոն սոցիալ-քաղաքական միջավայր է: Վերջապես, շատ ռուս քաղաքագետներ համարում են, որ Չինաստանի հետ անհնար է բեւեռ ստեղծել, քանի որ իրենք չունեն սեփական գաղափարախոսություն, փիլիսոփայություն, իսկ չինականը շատ ուժեղ է ու կարող է ստվերել ռուսների դերը:
Պեկինում նույնպես չեն շտապում որեւէ բեւեռի մեջ մտնել, նրանք, ինչպես նշվեց, փորձում են սեփականը ստեղծել, բայց այդ ճանապարհին առնվազն երկու լրջագույն խնդիր ունեն, որոնք իրենք էլ քաջ գիտակցում են, բայց առայժմ լուծման ուղիները չեն կարողանում գտնել: Դրանք են.
1. Սոցիալական ուժեղ բեւեռացումը եւ ներքին կառավարման համակարգի անկատարությունը: Երկրում բնակչության մի հսկայական շերտի սոցիալական լուրջ խնդիրները, կառավարման համակարգի ոչ դեմոկրատական ձեւը թույլ չեն տալիս ունենալ ճկուն ու ադապտիվ քաղաքական համակարգ, որն էլ կկարողանա արդյունավետ արձագանքել արտաքին քաղաքական փոփոխություններին:
2. Չնայած հզոր տնտեսությանը, այդ երկիրն այսօր չի կարող ստեղծել նոր աշխարհակարգ: Ինչպես ասել է չինացի պատգամավոր Ֆու Ինը, այն ի զորու չէ առաջարկելու «նոր սխեմա»: Միաժամանակ Չինաստանն աշխարհին անհասկանալի է իր հասարակական հարաբերությունների տիպական ձեւերով, փիլիսոփայությամբ, մշակույթով, առանց որոնց հնարավոր չէ գրավել այլ մշակույթով ազգերի:
Արման Սահակյան