«ՆՇՎԱԾ ԾՐԱԳԻՐՆ ԱՅԼ ԾՐԱԳԻՐ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե 2014 թվականից ՀՀ-ում ներդրվող կենսաթոշակային նոր, կուտակային համակարգն այս տարիների ընթացքում մշակվել է ու պատրաստ է գործարկման:
-Պարո՛ն Ասատրյան, Դուք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար լինելու տարիներից նպատակ ունեիք զարգացնել կենսաթոշակների բաշխման էլեկտրոնային եղանակը, սակայն մինչեւ այսօր կարծես թե այդ համակարգը նորմալ չի գործում: Խնդրում եմ նշել, թե ինչ է արվում, որպեսզի այն իր նպատակին ծառայի եւ ինչո՞ւ է ոչ լիարժեք:
-Ներդրված ծրագրով մենք այժմ աշխատում ենք, առանց այդ համակարգի մենք այսօր ինչպե՞ս կարող էինք վճարումներն իրականացնել: Ուրեմն էլեկտրոնային կենսաթոշակ տեղեկատվական համակարգը, ինչպես ցանկացած էլեկտրոնային համակարգ, կատարելագործվում է եւ շարունակելու է կատարելագործվել: Այն գործառույթները, որոնք իրականացվում են, անընդհատ ավելանում են նախնական մշակված համակարգի հիմքի վրա: Եվ այդպես անընդհատ շարունակում են կատարելագործվել այդ աշխատանքները:
-Ձեր կողմից նաեւ ներկայացվել էր մի ծրագիր, ըստ որի՝ 2014 թվականից ՀՀ-ում կներդրվի կենսաթոշակային նոր, կուտակային համակարգ: Այսինքն՝ աշխատավարձ ստացող մինչեւ 40 տարեկան յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր ստացած աշխատավարձից միջինը 5 տոկոս կուտակելու է իր հաշվին: Սակայն քաղաքացիների կողմից դժգոհություններ են հնչում…
-Ի՞նչ դժգոհություն:
-Օրինակ՝ այն, որ իրենք կարող են տարիների ընթացքում կուտակել այդ գումարները, բայց վերջում այն իր նպատակին չծառայի, պետության կողմից մսխվի եւ այլն:
-Ժամանակին մենք այդ բոլոր խնդիրները մանրամասնորեն քննարկել ենք, Դուք լավ գիտեք, որ այդ համակարգի ներդրման հետ կապված՝ անընդհատ աշխատանքներ են իրականացվում, եւ 2010թ. սահմանվեց ժամանակահատված՝ 3 տարի` կուտակային համակարգի կատարելագործման համար: Այդ ժամանակահատվածը հենց նրա համար էր, որ ուսումնասիրություններ կատարվեին, եւ համակարգը լիարժեք պատրաստ լիներ: Հիմա կարող ենք արձանագրել, որ անհրաժեշտ բոլոր նախապատրաստական աշխատանքներն արվել են՝ ե՛ւ օրենսդրական, ե՛ւ իրավական ակտերի հետ կապված… եւ այդ բոլոր աշխատանքները հիմք են, երաշխիք են, որ համակարգը լիարժեք աշխատելու է:
-Բայց դժգոհությունը ոչ թե համակարգի գործունեությանն է վերաբերում, այլ քաղաքացին մտավախություն ունի, որ կարող է խաբվել…
-Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ եթե ինչ-որ դժգոհություն է հայտնվում… ապա մեր արձագանքի մասի՞ն եք ասում… Մեր ամբողջ աշխատանքը հենց այդ արձագանքներն են: Մենք համարում ենք, որ ներդրված համակարգը, այլ ենթակառուցվածքներ, որոնք ձեւավորված են, լիարժեք աշխատելու են եւ թույլ են տալու օրենքով ամրագրված բոլոր պարտավորություններն իրագործել:
-Վերջերս Ձեր ղեկավարած գերատեսչությունը մի ծրագիր էր ձախողել, որի համար այս տարվա մարտին ԵՄ-ի կողմից տրամադրվել էր 1 մլն եվրո: ՀՀ-ում արտագաղթը կանխելու  նպատակ հետապնդող այդ ծրագրի հետ կապված՝ համապատասխան պայմանագիր էր ստորագրվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ միջազգային կազմակերպության միջեւ: Ծրագրի իրականացման ժամկետն ավարտվել է, սակայն Հայաստանում օր օրի աճում է արտագաղթը: Ի վերջո, այդ գումարներն ինչի՞ վրա են  ծախսվել:
-Ձեր կողմից նշված ծրագիրն այլ ծրագիր է եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն անհրաժեշտ պարզաբանումներ տրամադրել է՝ այդ ամենի հետ կապված:
-Խնդրում եմ կոնկրետ նշել, թե այդ գումարն ինչի վրա է ծախսվել կամ գուցե այն մսխվե՞լ է:
-Եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի մանրամասն տեղեկություն ստանալ, ապա Դուք կունենաք տեղեկատվություն կոնկրետ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրի մասին: Չեմ խոսում այլ մարմինների կամ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրի մասին, մեր կողմից այդ տեղեկությունը կստանաք: Որեւէ խնդիր չկա, որի մասին մենք տեղեկատվություն չտրամադրենք: Իսկ այդ ծրագիրն էլ, որի մասին Դուք նշում եք, մենք նախատեսել էինք 1000 ընտանիքների, սոցիալական աշխատողների միջոցով իրականացնել, նրանց կարիքների գնահատում կատարել: Այժմ դեռեւս 4 մարզերում իրականացվում են սոցիալական աշխատողների վերապատրաստման ծրագրեր, եւ նման խնդիրներ են իրագործվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս