Երեկ ՀՀ կառավարությունն արտագնա նիստ էր հրավիրել Գեղարքունիքի մարզում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստին եկավ շատ բարձր տրամադրությամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ: Վարչապետը, մոտենալով լրագրողներին, ժպիտը դեմքին, հետաքրքրվեց` «հարցեր չունե՞ք», բայց երբ «Ժողովուրդ»-ը փորձեց հարց ուղղել վարչապետին, նա, նույն ժպիտը դեմքին, ասաց. «Ձեր հարցերն ուղղե՛ք պարոն Գրիգորյանին» ու արագ քայլերով հեռացավ: Այդուամենայնիվ, նիստի ավարտից հետո «Ժողովուրդ»-ը փորձեց Տ. Սարգսյանից պարզաբանում ստանալ գործազրկության նպաստների փոշիացման մասին իր վերջին հայտարարության շուրջ:
Նշենք, որ Տ. Սարգսյանը, խորհրդարանում ներկայացնելով 2014թ. բյուջեի նախագիծը, հայտարարել էր, թե գործազրկության նպաստների 94 տոկոսը նպատակին չի ծառայել: Ըստ վարչապետի՝ այդ ծրագիրն արդյունավետ չէր, քանի որ 94 տոկոս դեպքերում գործազրկության նպաստ էին ստանում ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չէին էլ փնտրում:
-Պարո՛ն վարչապետ, Դուք հայտարարել էիք, որ գործազրկության նպաստների ծրագիրն իր նպատակին չի ծառայել եւ իրագործվել է ընդամենը 6 տոկոսով: Ինչո՞ւ եք նման եզրակացության եկել:
-Այսինքն՝ ընդամենը 6 տոկոսն է, որ աշխատանք է որոնել եւ գտել է աշխատանք: Իսկ մնացած 94 տոկոսը, քանի որ համակարգն արդյունավետ չի եղել, երկու տեղեկանք են ներկայացրել եւ պետությունից ստացել են 150-180 հազար դրամ: Եթե ցանկացած մարդ, օրինակ՝ բանկի կառավարիչը, ասենք, ազատվել է աշխատանքից, տեղեկանք է ներկայացնում, որ ինքը նախորդ 12 ամիսների ընթացքում աշխատել է բանկի կառավարիչ, այժմ իրեն աշխատանքից ազատել են, ինքը բերում է տեղեկանք, որ աշխատել է՝ մեկ, եւ երկրորդ` բերում է տեղեկանք, որ իրեն աշխատանքից ազատել են, եւ ինքը դրա համար պետք է պետությունից ամիսը 18 հազար դրամ գումար ստանա: Իսկ մենք դա համարում ենք ոչ արդյունավետ համակարգ եւ դրանով այդ համակարգից հրաժարվում ենք, անցնում ենք միայն սոցիալական որոշ խմբերի համար ակտիվ, սոցիալական ծրագրերի իրականացմանը: Արմատական փոփոխություն է կատարվում:
-Բայց Դուք հայտարարել էիք, որ գործազրկության նպաստները հիմնականում ստացել են ապահովված մարդիկ, եւ այդ գումարները մսխվել են…
-Ես բերեցի հենց բանկի կառավարչի օրինակը, բա դա անապահո՞վ խավ է: Ա՛յ սիրելիս, ասում եմ, որ նախորդ համակարգը ենթադրում էր, որ կարող էր ապահովված մարդը գալ ու պետությունից փող ստանալ, հիմա մենք ասում ենք, որ փոխում ենք ծրագիրը, քանի որ այն համարում ենք ոչ արդյունավետ: Մեր երկրում արդյունավետ ենք համարում միայն այն ծրագրերը, որոնք ուղղված են սոցիալապես անապահով խմբերին` նրանց աշխատանքի տեղավորման վրա գումարներ ծախսելով: Դրա համար հին համակարգից անցնում ենք նոր համակարգի:
ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏՈ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ, ՈՐ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ