ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավական շռայլ է պետական բյուջեի միջոցներով գնումներ կատարելու հարցում: Այս տարվա հոկտեմբերին ֆինանսների նախարարությունը միանգամից 847 հազար դրամ` ավելի քան 2 հազար ԱՄՆ դոլար է ծախսել վարագույրներ գնելու համար: Իսկ այդ վարագույրները, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, գնվել են «Նանե արտ» ՍՊԸ-ից, որը համարվում է վարագույրների էլիտար խանութ: Նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ այդ վարագույրները գնվել են ասուլիսների սրահի ձեւավորման համար:

ՉԵ՞Ն ՎԱՃԱՌՈՒՄ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վանաձորի մանկավարժական համալսարանի մասնավորեցման խնդրին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ նման բան չկա. «Մենք բազմիցս այդ մասին ասել ենք, հիմա էլ կրկնում եմ՝ վաճառքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»: Մեր այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում Երեւանի պետական համալսարանի հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարները յուրացնելու եւ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում ապօրինաբար պետական գույքն օտարելու փաստերին, նախարարը պատասխանեց. «Կոռեկտ չէ իմ կողմից մեկնաբանություններով հանդես գալը, քանի որ այս յուրացման դեպքերը քրեական գործերի շրջանակում են, եւ դրանց քննությամբ զբաղվում են պատկան մարմինները»:

ՎԻՃԵԼԻ «ՌԱԶՄԱԽ»
ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ թեժ բանավեճ սկսվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի միջեւ: Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԼՂ խնդրի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի ու նման այլ միջոցառումների համար ՀՀ բյուջետային ծախսերը հստակ չեն: «Հանրության ականջը սովոր է լսել, ունենք մի այսպիսի խնդիր ձեւակերպված՝ Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ասիայի եւ այլ երկրների, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնում եւ համագործակցության զարգացում: Կարծես արտաքին քաղաքականության խնդիր եք դրել, որտեղ միայն Անտարկտիդան նշված չէ»,-հարցրեց Փաշինյանը: «Արկտիկան էլ»,-ասաց Սաֆարյանը: ««Արկտիկան ցամաք չէ, օվկիանոս է, դրա համար էլ արտաքին քաղաքականություն այստեղ որոշել ենք չիրականացնել, եթե, իհարկե, ջրային համագործակցության խնդիր դրված չէ: Բայց հարցը դրանում չէ, Դուք ներկայացնում եք ֆինանսական ցուցանիշներ: Ձեր կարծիքով՝ ֆինանսական ցուցանիշների, կներեք ոչ հայերեն բառի համար` «ռազմախը» ոչ ֆինանսական ցուցանիշների «ռազմախի» հետ բռնո՞ւմ է, դրանք հարաբերելի՞ են»: Սաֆարյանը պարզաբանեց, որ նման դեպքերում անհատական ցուցանիշներ նշելը վիճելի է, եւ որոշակի ժամանակ է պետք հստակություն տալու համար:




Լրահոս