ՍԱՏԱՐՄԱՆ ԱԿՑԻԱ
Այսօր «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց կազմակերպելու է ակցիա` սատարելու կալանավորված Վ. Ավետիսյանին ու եւս մեկ անգամ շեշտելու համար նրա պայքարի արդարացիությունը: Ակցիայի մասնակիցները ժամը 11:30-ին Հանրապետության հրապարակից կշարժվեն դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ 12:00-ին կլինեն ՔԿՀ-ի դիմաց:
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
Երեկ՝ առավոտյան՝ ժ. 9:00-ից, Երեւանի քաղաքապետարանի դիմաց հավաքված տրանսպորտի թանկացման դեմ պայքարող մի քանի տասնյակ ակտիվիստների թույլ չեն տվել մասնակցել ժամը 11:00-ին սկսած ավագանու նիuտին: Քաղաքապետարանի առջեւ շղթա կազմած ոստիկաններն արգելել են ակտիվիստների մուտքը շենք` պատճառաբանելով, թե ներսում տեղ չկա, եւ որ նիստին կողմնակի անձինք կարող են մասնակցել միայն քաղաքապետի կամ խմբակցությունների հրավերով։ Մինչդեռ, ակտիվիստների պնդմամբ, դահլիճում տեղերի խնդիր չկար, քանի որ բազմաթիվ ազատ տեղերը քաղաքապետարանը լցրել է իր աշխատակիցներով։
ՄԻՊ-Ն ԸՆԴԴԵՄ ՏՐԱՆՍՎԵՍՏԻՏՆԵՐԻ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ անդրադարձել է Կոմայգում տիրող վիճակին եւ ասել, որ այգին պետք է մաքրվի այլասերվածությունից: Նա հայտնել է, որ նման պահանջով Պաշտպանի գրասենյակը դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ոստիկանությանը. «Եթե այնտեղ շարունակվի ամենաթողությունը, դուք մեզանից կլսեք հետեւողական պահանջը՝ մաքրել այգին այլասերվածությունից»:
ՈՐ ՉԱՄԱՉԵՆ
Անդրադառնալով ԲՀԿ-ականների կողմից հնչող մեղադրանքներին, թե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները «կնոպկա» սեղմողներ են, Արայիկ Գրիգորյանը «Երկիր»-ի հետ զրույցում հիշեցրել է, որ նույն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր. «Ընտրություններով կյանքը, իհարկե, չի ավարտվում, պետք է այնպես անել, որ հետո իրար աչքերի մեջ նայելիս չամաչեն»:
ԾԵԾԻՑ ՄԱՀԱՑԱՎ
Կուբանում շարունակվող միջկլանային պայքարի արդյունքում երեկ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում դաժան ծեծից մահացել է «օրենքով գող» Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկի), որը «թագադրվել» էր 2012թ. Դեդ Հասանի կլանի կողմից:
ԴԴՈՒՄՆԵՐԸ
Երեկ Հելոուինի տոնի առթիվ ակտիվիստներ Արգիշտի Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Լուսինե Հովսեփյանն ու Նանե Մինասյանը դդում են տարել Բաղրամյան 26՝ նվիրելու Սերժ Սարգսյանին: Սակայն ոստիկանները, բռնություն գործադրելով եւ ակտիվիստների շորերը պատռելով, նրանց բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Երեկ՝ մինչ ուշ երեկո, ակտիվիստները դեռ ոստիկանական բաժանմունքում էին: