ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-Ի ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԿԱ
ՀՀ կառավարության ներկայացրած 2014թ. բյուջեի նախագիծը վրդովեցրել է անգամ ՀՀԿ-ականներին, որոնք իրենց դժգոհությունը չեն էլ թաքցնում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ազգային ժողովը կառավարությանն առաջարկել է գոնե 2014-ի պետբյուջեի մեջ պատվիրակությունների գործուղումների համար նախատեսված գումարներն ավելացնել, սակայն գործադիրը մերժել է՝ պատճառաբանելով, թե գործուղումների ծախսերն ավելացնելու համար գումար չկա: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հարցի հետ կապված պարզաբանում ստանալ, սակայն չստացվեց. ասացին, որ հարցերն ուղարկենք գրավոր:

ԱՐԳԵԼՎԵԼ Է ԽՈՍԵԼ
Երեկ ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավորներից մեկը «Ժողովուրդ»-ի թղթակցին բավականին հետաքրքիր տեղեկություն է հայտնել: Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով, որ հարազատ կուսակցության ներկայացուցիչներն էլ են դժգոհ 2014թ. բյուջեի նախագծից եւ կանխատեսելով, որ հնարավոր է՝ բարձրաձայն դժգոհություններ հայտնեն, բացի ամենշաբաթյա «ժողովներից»՝ դժգոհության դեմն առնելու նոր տակտիկա է մշակել: Նա իր թիմակիցների շուրթերով պատգամավորներից շատերին հասկացրել է, որ եթե որեւէ մեկը խոսի բյուջեի դեմ, ուրեմն կատարում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատվերը: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահի եւ վարչապետի հարաբերությունները սրված են, ու չնայած արտաքին ժպիտներին՝ նրանց «ջրերը մի առվով չեն հոսում»:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԵՌ
ՀՀ կառավարությունը երեկվա նիստում ՊԵԿ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչեւ 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչեւ 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանն առաջիկայում նշանակվելու է Կոտայքի մարզային վարչության պետ: Իսկ թե ով կնշանակվի նրա փոխարեն, դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ երեկ ոստիկանությունում տեղի է ունեցել մի «ճակատագրական» հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշվել է, որ որոշ փոփոխություններ են սպասվում ոստիկանության համակարգում: Այդ մասին հայտնի կդառնա այսօր՝ օրվա երկրորդ կեսին, երբ ավարտվի ոստիկանական հանձնաժողովի երեկ սկսված նիստը:




Լրահոս