ՎԱՐՉԱՊԵՏՆ ԷԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում երեկ կայացած ՀՀ կառավարության արտագնա նիստի ընթացքում լրջագույն հարցեր բարձրացվեցին, որոնք տարիներ շարունակ լուծում են պահանջում, սակայն «սայլն այդպես էլ տեղից չի շարժվում»: Թեպետ վարչապետն էլի խոստումներ տվեց:
Հյուրասեր Գեղարքունիքում վաղ առավոտյան առատ սեղաններ էին բացել ու սպասում էին հայրենի նախարարներին: Սակայն վարչապետը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ այդ ընթացքում «ժապավեն կտրելով» էր զբաղված. նա մասնակցում էր Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, որտեղ պետք է պատասխանեն կարիքավոր ընտանիքների հարցերին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վարդենիսում բնակիչները պարզապես «հարցախեղդ» են արել ՀՀ վարչապետին՝ նրանից պահանջելով գործող հիվանդանոց ու ապրելու մարդկային տարրական պայմաններ: Վարչապետն իր հայտնի ժպիտով հենց տեղում ինչ-ինչ հանձնարարականներ է տվել օգնականներին:
Դառնանք մարզպետարանի մթնոլորտին՝ նկատելով, որ ամեն հինգշաբթի կառավարության նիստերի դահլիճ շտապող, մշտապես «մտահոգ» նախարարները ոգեւորված եւ ժպտադեմ էին դարձել: Ու, ամենակարեւորը, նախարարները լրագրողներից փախչելու տեղ չունեին: Կառավարության նիստին ներկա էին նաեւ Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավորները` ՀՀԿ-ականներ Մանվել Բադեյանը, Հակոբ Հակոբյանը եւ ՕԵԿ պատգամավոր Կարեն Բոթոյանը: Սակայն շատ պաշտոնյաներ վարչապետի նախագահած նիստին այդպես էլ հարկ չէին համարել ներկայանալ: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ուղարկել էին իրենց տեղակալներին:
Ինչեւէ, երբ բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ազդարարեց, թե «զանգը տվել է, մտե՛ք դասարան», բոլոր նախարարները մեկ մարդու պես տեղավորվեցին, ու ՀՀ վարչապետը սկսեց նիստի բացումը. «Հարգելի՛ գործընկերներ, մենք երեք տարի առաջ այստեղ արտագնա նիստ արեցինք եւ արձանագրեցինք որոշակի խնդիրներ: Տեղյակ եք, որ մարզային այցելություններից առաջ մենք կատարում ենք սոցիոլոգիական հետազոտություններ, որպեսզի մեզ համար պարզ լինի, թե որոնք են այն հիմնարար խնդիրները, որ մարզի բնակիչները դնում են մեր առջեւ: Առաջինն արձանագրում ենք, որ այս երեք տարվա ընթացքում մարզի բնակիչները տեսնում են, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարզում բարելավվել է, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է»: Վարչապետը նշեց նաեւ, որ կառավարության առջեւ մի շարք խնդիրներ են դրել մարզի, մասնավորապես Վարդենիս քաղաքի եւ այլ համայնքների բնակիչները: Կա որակյալ մասնագետների, այդ թվում` բժիշկների կարիք:
Նիստի ընթացքում «Ժողովուրդ»-ը նկատեց, որ վարչապետին խիստ զայրացրեց վերջին շարքում զրույցի բռնված ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի վարքը. նա վերջիններիս ժեստով լռեցրեց: Քչփչում էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ դիմախաղի միջոցով ինչ-որ բան հասկացնելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին:
Նշենք, որ մինչ նիստի ավարտը մարզպետարանի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնցից մեկը հաջողացրեց մոտենալ վարչապետին ու ինչ-որ հարց տվեց իր ամուսնալուծված որդու մասին: Տ. Սարգսյանը ծիծաղելով կանչեց արդարադատության նախարարին եւ ասաց, թե «սա քո հարցն է, արի՛»: Թեեւ քաղաքացին հավատում էր, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարը կկարգավորի իր խնդիրը, այնուամենայնիվ, նկատեցինք, որ նրա բարձրացրած հարցն ընդամենը քահ-քահ ծիծաղելու առիթ տվեց նրանց ու վերջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս