Միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման հանձնվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ «Սասնա ծռեր» խմբավորումն իշխանություններին հանձնվելու մասին որոշում է կայացրել: «Սասնա ծռեր»-ի հանձնվելուն և երկու շաբաթ ոստիկանական գունդը պատանդառության մեջ պահելուն անդրադարձել են համաշխարհային մի շարք առաջատար լրատվամիջոցներ:

BBC-ն գրում է, որ մոտ 20 զինված անձինք, ովքեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում գրավել էին ոստիկանական գունդը, ձերբակալվել են կիրակի օրը: BBC-ի հաղորդմամբ՝ մոտ 2 շաբաթ զինված խումբը ձգտում էր հասնել քաղբանտարկյալների, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակմանը: Հեռուստաալիքը, հղում անելով Interfax-ն, հայտնում է, որ այժմ  բոլոր անդամները ձերբակալված են:

Independent-ը գրում է «երկշաբաթյա դիմակայության» ավարտի մասին:

Business Insider-ը հայտնում է, որ զինված խումբը հերքել է իր անդամների կողմից ոստիկանության սպայի սպանությունը: Պարբերականը լուսանկարներ է հրապարակում ոստիկանության և ապստամբների կողմնակիցների բախումներից:

Radio Liberty-ն ևս հաղորդում է զինված խմբի հանձնման մասին՝ նշելով, որ երկշաբաթյա գրոհի արդյունքում երկու ոստիկան սպանվեց:

«Հայաստան. 20 զինված անձ հանձնվել է. դիմակայությունն ավարտված է»,- գրում է Daily Mail-ը:

Երևանյան իրադարձություններն ակտիվորեն լուսաբանում են նաև Reuters-ը, New York Times-ը, Al Jazeera-ն, Huffington Post-ը և մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ:

Այս իրադարձությունները հատկապես ակտիվ դեպքի վայրից լուսաբանում էին ռուսական լրատվամիջոցները: Gazeta.ru-ն գրում է, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում հանձնվել: Bfm պորտալը՝ հղում անելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը հայտնում է, որ զինված խումբը հանձնվել է: Պորտալի հաղորդմամբ՝ Հայաստանը «անդունդի եզրին է հայտնվել»:

Դեպքի վայրում ակտիվորեն աշխատող Lifenews հեռուստաալիքն օրեր առաջ հայտնել էր հեռուստաալիքի օպերատորին հիվանդանոց տեղափոխելու մասին, ով վնասվածքներ էր ստացել ոստիկանության և ապստամբներին աջակցող ցուցարարների միջև բախումների ժամանակ:

Rbc հեռուստաալիքը հաղորդում է, որ զինված խումբը կմնա «ռազմագերու կարգավիճակում»:

Թարգմանությունը Քրիստինե Պողոսյանի




Լրահոս