Ինչպես հայտնի է, երեկ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Այս առնչությամբ ArmLur.am-ը մի քանի հարցեր ուղղեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին:
-Պարո´ն Եղիազարյան, երեկ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը հանձնվեց իշխանություններին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրանց քայլը:
-Այդ տղաները հանձնվեցին հայ ժողովրդին, ո´չ գործող իշխանությանը, ո´չ Սերժ Սարգսյանին: Նրանք դասական ձեւակերպում տվեցին այս ամենին: Նրանք միտք չունեին պատերազմել 15-20 տարեկան երեխաների հետ, պատանդների հետ: Միայնակ գայլը ի վիճակի էր միայն մի քանի հոգու վերացնելու, բայց նա նախապես ասաց, որ ձեռք չի բարձրացնելու իր ժողովրդի վրա: Հայ ժողովրդին Միայնակ գայլի, Պավլիկի, իր որդու, Կյուրեղյան եղբայրների կերպարը ավելի քան հարկավոր է:
-Ըստ Ձեզ` որո՞նք են լինելու իշխանության քայլերը:
-Իշխանությունը ունի երկու քայլ`դեպի կործանում եւ այդ կեղտաջրից Հայաստանը հանելու հնարավորություն: Բայց իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը կընդունի առաջինը: Տա աստված սխալվեմ, որովհետեւ նա մի պարզ ճշմարտություն չի իմանում: Որպես կանոն` արյունով եկածը արյունով է գնում, իսկ ինքը արյունով է հաստատվել այդ գահին:
Բերեմ Նիկոլայ 2-ի օրինակը: Նրան ասում էին Արյունարբու Նիկոլայ, բայց այդ մարդը արյունի հետ կապ չունեցող մարդ էր, հարսանիքի ժամանակ մեծ տախտակամած էին կապել, կողքի գյուղի գեղջուկները հավաքվել էին տակը, որպեսզի ունկնդրեն: Տախտակամածը լավ հաշվի չեն առնում, եւ այդ գերանները այդ հարյուրավոր մարդկանցով իջնում են գեղջուկների վրա:
Ինքը արյունի հետ կապ չուներ, բայց մեկ է, պատասխան տվեց իր ընտանիքով, իսկ հայտնի մեր Սերժ Սարգսյանը եկել է մարտի 1-ով, պետք է այնպես անի, որ մարտի 2-ով չգնա:
-Պարո´ն Եղիազարյան, «Սասնա ծռեր»-ի պահանջները սակայն այդպես էլ չբավարարվեցին: Իրատեսական համարո՞ւմ եք, որ այժմ իշխանությունը պատրաստ կլինի նրանց պահանջներից մեկը կատարել, այն է` Ժիրայր Սէֆիլյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումն իրականացնել:
– Սերժ Սարգսյանը ունի մեկ տարի ժամանակ, ֆանտաստիկ բաների պետք է գնա, որ շահի իր ժողովրդի համակրանքը, պետք է գիշեր-ցերեկ մտածի, այն, ինչ-որ չի արել այս տարիների ընթացում` անի: Դո´ւրս եկեք փողոց, տեսեք, թե ժողովրդի 99 տոկոսը ինչ է խոսում: Առաջին` պետք է թալանը կանգնեցնի, պետք է արտագաղթը կանգնացնի, պետք է շրջապատից հրաժարվի, բայց դա չի անելու, քանի որ մտածում է` շրջապատն է պահում իրեն այդ դիրքում: Մինչեւ ե՞րբ: Պարզվեց, որ հայ ազգի արգանդից Պավլիկ է ծնվել, ծնվել է Արայիկ Խանդոյան, եւ այդպես տղերք են ծնվել. դա վաղը մյուս օրը օրինակ է լինելու:
Զրուցեց Արփինե Թովմասյանը