ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՆԱՍՅԱՆՆ ԷԼ ԿԳՆԱ
Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 30-ին լրացավ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի պաշտոնավարման ժամկետը, իսկ մինչ այդ նա արդեն ներկայացրել էր պաշտոնից հեռանալու որոշումը։ Եվ հենց այդ օրը ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգային հարցերից մեկը Վարդան Մինասյանի հաշվետվությունն էր։ Նա ներկայացրեց գլխավոր մարզչի պաշտոնում կատարած աշխատանքների արդյունքները, որոնք հաստատվեցին ՀՖՖ գործկոմի կողմից:
Բնական է, որ 39-ամյա գլխավոր մարզիչն առանց աշխատանքի չի մնա, բայց ազգային հավաքականը ղեկավարելուց հետո, հավանաբար, դժվար, ավելի ճիշտ՝ պատվաբեր չի լինի ղեկավարել, ասենք, երկրի առաջնության մասնակից ակումբներից մեկը։ Եվ նա աշխատանք է փնտրում դրսում։ «Հետաքրքրություն կա մի քանի ռուսական թիմերից, սակայն դեռ հստակ ոչինչ չկա: Դրանք միայն խոսակցություններ են: Խոսքը Ռուսաստանի պրեմիեր լիգայի եւ առաջին դիվիզիոնի մասին է: Միանշանակ չեմ կարող անուններ նշել: Իմ գործերով զբաղվում է գործակալը. այժմ նա հավաքում է տեղեկություններ: Բացի այդ՝ իմ ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական եւ ասիական ակումբներ: Չգիտեմ, թե երբ իրավիճակն ավելի պարզ կդառնա: Հնարավոր է՝ վաղը կամ մեկ ամսից»,-ասել է Վարդան Մինասյանը: Հաշվի առնելով վերջին շրջանում հայ ֆուտբոլիստների նկատմամբ ղազախական ակումբների հետաքրքրությունը՝ չի կարելի բացառել, որ Վարդան Մինասյանն էլ կարող է հայտնվել Ղազախստանում։ Ամեն դեպքում, հայ մարզչին միջազգային փորձն անհրաժեշտ կլինի հետագա կարիերայի համար։ Հավելենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2009-2013թթ.: Նրա գլխավորությամբ Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է ռեկորդային՝ 38-րդ տեղ՝ շրջանցելով նաեւ Թուրքիային։

ՄԱՐԿՈՍԻ ԴՈՒԲԼԸ
Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլում «Կրասնոդար»-ը, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Մարկոս Պիզելին, մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել «Դոլգոպրուդնի»-ի նկատմամբ: Նշենք, որ վերջին շրջանում մեր բրազիլացին հազվադեպ էր խաղում, բայց այս անգամ նա խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում եւ խաղացել առանց փոխարինման՝ դառնալով դուբլի հեղինակ:
Իսկ Մոսկվայի «Սպարտակ»-ը, որի կազմում հանդես են գալիս Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիսը, արտագնա խաղում 1։0 հաշվով հաղթել է Յարոսլավլի «Շիննիկ»-ին։ Յուրան վնասվածքի պատճառով չի խաղացել, իսկ Արասը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Ի դեպ, տրիբունաներում տիրող անկարգությունների պատճառով, որոնք կրել են նաեւ ազգայնամոլական բնույթ, «Սպարտակ»-ը կարող է պատժվել։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս