ԹԱՆԳԱՐԱՆԸ ՉԻ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1974թ. հիմնադրված Վանաձորի պատկերասրահը շուրջ 40 տարի չի վերանորոգվել, իսկ ջեռուցման բացակայությունը տարեցտարի խորացնում է ցուցադրվող մոտ 2000 կտավների վաղուց արդեն վտանգված կյանքը: Ցուցասրահի խարխուլ վիճակի պատճառով այստեղ հնարավոր չէ պահպանել կայուն ջերմաստիճան:
Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը հիմնադրվել է որպես ազգային պատկերասրահի մասնաճյուղ: 5 տարի անց այն սկսել է գործել առանձին: Այսօր թանգարանի մշտական հավաքածուն ընդգրկում է 100 արվեստագետի ավելի քան 1700 ստեղծագործություն եւ 150 աշխատանք, որոնք պատկանում են ազգային պատկերասրահին: Ամեն տարի թանգարանը ներկայանում է մեկ տասնյակից ավելի ցուցահանդեսով: Կերպարվեստի թանգարանն այսօր կանգնած է լուրջ խնդիրների առջեւ: Այն ունի կապիտալ վերանորոգման կարիք: Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի համար, սակայն, առաջնայինը ջեռուցման բացակայության խնդիրն է: Նախկինում թանգարանն անվճար ջեռուցվել է Վանաձորի ջերմաէլեկտրակայանի կողմից: Ներկայումս, սակայն, 65 մետր երկարություն ունեցող շենքում ջեռուցվում է ընդամենը երկու աշխատասենյակ:
Գրեթե չջեռուցվող թանգարանի խնդիրների մասին քաղաքային իշխանությունները քաջատեղյակ են, սակայն համայնքը բավարար միջոցներ չունի: Թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը դա լավ հասկանում է, բայց արվեստի գործերի համար սիրտը ցավում է: «Այստեղ պահպանվում են արվեստի հրաշալի գործեր, բայց պայմանները բավարար չեն: Միայն աշխատասենյակներն են ջեռուցվում, ամբողջ շենքում ձմռանը ջեռուցում չի լինում: Շենքի ճակատային մասն էլ հարկավոր է փոխել: 40 տարի առաջ ինչ հնարավորություններ որ եղել են, ժամանակին արել են, այսօր արդեն դրանք խարխլվել են, ու վերանորոգման խիստ կարիք կա»,-ասում է Փափագ Ալոյանը՝ ավելացնելով, որ միայն դիմահայաց պատի փոփոխության պարագայում է հնարավոր թանգարանը ջեռուցել:
Շենքի կապիտալ վերանորոգման առումով սպասումներ Փափագ Ալոյանն ունի, քանի որ այն ներառված է առաջիկա 4 տարիների պետական ծրագրի մեջ: Մնում է սպասել խնդիրների լուծմանը: Թանգարանը բավականին լուրջ աշխատանք է տանում մշակույթի բնագավառում, ինչպես տնօրենն է նշում, ծրագրեր կան, որոնք իրենք են գրում ու շահում, որոնցով էլ հարստացնում են թանգարանի ե՛ւ գույքը, ե՛ւ տեխնիկան: Այնուամենայնիվ, թանգարանի տնօրինությունը արվեստի պահպանման ու զարգացման համար այս ծրագրերը քիչ է համարում, ակնկալում է պետական աջակցություն, ինչպես նաեւ օժանդակություն արվեստասեր անհատներից եւ հիմնադրամներից:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս