ՍՈՑՓԱԹԵԹՆԵՐՈՎ ՓՈՂԵՐ ԵՆ ԼՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. հունվարից ՀՀ-ում ներդրվեց սոցիալական փաթեթների համակարգը, որը հնարավորություն տվեց բազմաթիվ քաղծառայողների եւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ նրանց անմիջական ընտանիքի անդամներին, անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից, հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի գնահատմամբ, սակայն, այս ծրագիրը նախապես պլանավորված կոռուպցիա է:
Նշենք, որ ծրագրի ծառայություններն են՝ առողջության ապահովագրությունը, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարումը, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճարը, հանգստի կազմակերպումը ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում:
Յուրաքանչյուր աշխատակցի համար սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է ամսական 11 հազար դրամ, որը տարեկան կտրվածքով հավասար է 2012թ.-ին տրամադրված սոցիալական փաթեթի գումարին՝ 132 հազար դրամ: 2012թ.-ին սոցփաթեթների փոխհատուցումների համար ՀՀ պետբյուջեից տրամադրվել է շուրջ 18 մլրդ դրամ, որից մոտ 15 մլրդ-ն սպառվել է, իսկ այս տարի տրամադրվել է շուրջ 21.5 մլրդ դրամ:
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի գնահատմամբ՝ այս ծրագիրը նախապես խորը չի ուսումնասիրվել: «2012թ., երբ ծրագիրն արդեն իրականացվում էր, ես մտավախություն ունեի եւ կանխատեսեցի, որ 2013թ. այս ծրագիրն ավելի է ընդլայնվելու, ավելի մեծ, լրացուցիչ միջոցներ են հատկացվելու, քան 2012թ.: Այդպես էլ եղավ: Չսպասեցին, որ 2012թ. կատարված աշխատանքները վերցնեն ու ամփոփեն, հանրության կարծիքն ուսումնասիրեն, հետո նոր ընդլայնեն: Բայց մեր կառավարությունն աճպարարության մեծ մասնագետ է»,-ներկայացրեց Մկրտչյանը: Նա մեջբերեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ 2012թ. հոկտեմբերին ԱԺ-ում արած հայտարարությունը, որով նախարարը տեղեկացրել էր, թե ապահովագրական ընկերություններին հատկացված 10 մլրդ դրամից ընդամենը 800 մլն դրամն է մուտք գործել առողջապահական համակարգ:
«Հոկտեմբերի 15-ին հայտարարեց, որ 800 մլն դրամն է մուտք գործել համակարգ, բայց արի ու տե՛ս, որ նախարարի այս հայտարարությունից հետո՝ անցյալ տարեվերջին, ստացվեց, որ 4 մլրդ դրամ մուտք գործեց: Այսինքն՝ երեք ամսում բնակչությունը սկսեց արագ-արագ հիվանդանալ: Զավեշտ է»,-նշեց Մկրտչյանը:
Նախկին նախարարը կառավարության «աճպարարությունից» մի օրինակ էլ բերեց. «ՀՀ կառավարությունը որդեգրել եւ ամրագրել է, որ ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունը ողջ հանրապետության տարածքում անվճար է: Եթե նայեք քաղծառայողների ապահովագրության հետ կապված հաշվետվությունը, ապա կտեսնեք, որ բուժօգնությունների դիմաց փոխհատուցման կառուցվածքում մի զավեշտ եւս կա. արտահիվանդանոցային բուժօգնության մասով 1.4 մլրդ դրամ են փոխհատուցել: Այսինքն՝ 4 մլրդ-ի կառուցվածքում 1.4 մլրդ-ն արտահիվանդանոցային է: Ստացվում է, որ պետությունը մի կողմից է գումար հատկացրել այս մարդկանց համար, իսկ մյուս կողմից էլ ապահովագրական ընկերություններն են տվել: Այստեղ ունենք երկակի ֆինանսավորման փաստ: Եվ նմանատիպ աճպարարություններն ու բացթողումները բազմաթիվ են»:
Մեր զրուցակիցը  պնդեց, որ այս ծրագրի մեջ կոռուպցիոն լուրջ բաղադրիչ է տեսնում. «4 մլրդ դրամի բուժօգնություն իրականացնեն, իսկ 5 մլրդ-ով հավանական ռիսկերի ապահովագրման խնդի՞ր լուծեն: Աշխարհում նման բան գոյություն չունի: Ռիսկերը ապահովագրվում են 10, 20 տոկոսով, բայց ոչ 100-ով: 5 մլրդ դրամը տվել են ապահովագրական ընկերություններին, բայց դրա դիմաց ոչինչ չեն ստացել, նման բա՞ն են անում: 5 մլրդ դրամը վերցնես ու շպրտես, ու ոչ ոք պատասխան չտա՞: Սրանից լա՞վ փողերի լվացք, գեղեցի՞կ լվացք: Վառ օրինակ հանրապետության նախագահի համար: Մենք իրավունք չունենք իրավական եզրակացություն անել, բայց որ կոռուպցիայի էլեմենտ կա, դա միանշանակ է»:
Մինչդեռ ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը տեղեկացրեց, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սոցփաթեթով իրականացված աշխատանքների առաջին տարվա արդյունքների վերաբերյալ կատարվել է ամփոփ վերլուծություն. «Դրա հիման վրա կառավարության կողմից որոշում է կայացվել, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների մասով առողջության ապահովագրության ծրագրերի իրականացման մասով սոցփաթեթներից համապատասխան միջոցների գումարների վերաբաշխում է արվել պետբյուջեում: Այսինքն՝ սա քայլ է կառավարության կողմից, որը հիմնված է առաջին տարվա աշխատանքների արդյունքների վերլուծության վրա»:
Իսկ Արարատ Մկրտչյանի գնահատականը, թե այս ծրագիրը «նախապես պլանավորված կոռուպցիա» է, Ծատուրյանը չցանկացավ մեկնաբանել՝ ասելով. «Դա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություն է, ես չեմ ցանկանում դա մեկնաբանել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս