«ԿԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ներկա էր թե՛ հոկտեմբերի 20-ին կայացած Հայաստանի գրողների միության, թե՛ հոկտեմբերի 26-27-ին կայացած Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարներին։ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կարեն Աղամյանի հետ՝ ստեղծագործական միությունների ներկայիս կարգավիճակի եւ վերջին երկու համագումարներում հայրենի մտավորականության դրսեւորած պահվածքի շուրջ:  
-Պարո՛ն Աղամյան, ի՞նչ տպավորություն ստացաք այդ համագումարներից, ինչո՞վ էին դրանք նման եւ ինչո՞վ էին տարբերվում, օրինակ, նկարիչների միության համագումարներից։ Կայի՞ն այնպիսի բաներ, որոնք չէիք ցանկանա տեսնել նկարիչների միության համագումարների ժամանակ։
-Մեր միության համագումարները կընթանան, կարծում եմ, ե՛ւ նման, ե՛ւ ոչ նման։ Եթե հիշում եք, ամռանը Հայաստանի գրողների միությունում տեղի էր ունեցել համագումար, որի ժամանակ նախագահ վերընտրվեց Լեւոն Անանյանը։ Եվ այդ համագումարն անցավ շատ կիրթ, շատ կարգին, առանց տեղից գոռգոռոցների, այսինքն՝ այնպես, ինչպես վայել է մտավորականների խմբի համագումարին։ Սա բացատրվում է նրանով, որ կար բացահայտ առաջնորդ, լիդեր, եւ չկային մարդիկ, ովքեր հույս ունեին, որ կարող են ավելի բարձրանալ, հավակնել այդ պաշտոնին։ Չնայած ոմանք դա շատ կուզենային, ու ոմանք էլ չարացած էին գուցե, բայց նրանք իրենց զսպեցին, քանի որ անիմաստ կլիներ իրենց աղմուկը։ Սակայն վերջին համագումարի ժամանակ, երբ չկար ակնհայտ այն լիդերը, որը բացահայտ հաղթում էր, արդեն ինչ-որ ձեւով միջամտելու, գուցե համագումարի ընթացքը խանգարելու փորձեր էին արվում, որն արտաքուստ իսկապես մի քիչ տգեղ էր։ Ինչ վերաբերում է կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համագումարի ընթացքին, ապա այնտեղ նույն իրավիճակն էր, ինչ գրողների միության վերջին համագումարում։ Եվ քվեարկության արդյունքն էլ ցույց տվեց, որ ընդգծված լիդեր չկա. քվեների տարբերությունն ընդամենը երկուսն էր։ Եվ դրա համար էլ պայքար էր ընթանում, բայց դա, չեմ ուզում ուրիշ բառ ասել, անհարիր էր կոմպոզիտորների միությանը։ Հիմնականում ավելի շատ հետեւյալ մակարդակի խոսակցություն էր. «Նա ասաց, ես ասացի, ինքն այսպես արեց, ես այսպես արեցի…»։
-Այսինքն՝ հիմնականում անձնական հարաբերությունների դա՞շտ էին իջնում։
-Իբր թե ինչ-որ կոնկրետ գործի, խնդրի վերաբերյալ էին խոսում, բայց ամեն դեպքում այդ ամենը անձնավորված էր լինում, որը շատ տգեղ է կողքից նայողի համար։ Դե, մենք մեզ գիտենք, ոչինչ, դա ուրիշ բան է, բայց շատ վատ է, որ հասարակությունը նայում է, ասում՝ մի՞թե սա մեր այն խավն է, որից պետք է օրինակ վերցնենք։ Ես միայն այս հարցում եմ ափսոսում ու կարծում եմ, որ նման երեւույթներ մեր համագումարում չպետք է լինեն։ Հույս ունեմ, որ չեն լինի՝ չնայած ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կարող է լինել։ Յոթանասունականներից սկսած՝ ներկա եմ եղել Հայաստանի նկարիչների միության երեւի բոլոր համագումարներին, եւ վերջին համագումարները, օրինակ, 90-ականներին (մինչեւ իմ ընտրվելը նկատի ունեմ) անցնում էին մոտավորապես նույնատիպ գոռգոռոցներով, խառնաշփոթով, ինչպես վերոնշյալ միությունների համագումարները։ Եվ ընտրվելուց հետո ես փորձեցի մի քիչ ավելի կարգուկանոն մտցնել, եւ առայժմ կարծես թե ստացվում է։
-ՀԿԵՄ նախկին նախագահն ասաց, որ միությունների, ավելի ճիշտ, ինչպես կանոնադրությունում է գրված, միավորումների մասին օրենքում բացեր կան։ Դուք համամի՞տ եք։
-Ոչ թե օրենսդրական բացեր, այլ, ես կասեի, օրենսդրական անհեթեթություններ կան։ Մենք ստեղծագործական միություն ենք, բայց մեզ այդ դաշտից հանել, գցել են հասարակական կազմակերպությունների դաշտ։ Տարբեր տարիքի, մասնագիտության մարդիկ կարող են հավաքվել, ասենք, ծառերը, լեռները, բնությունը, կենդանիներին պաշտպանող հասարակական կազմակերպություն ստեղծել, եւ դա շատ բնական է։ Բայց մեր միությունը հասարակական կազմակերպություն չէ, մասնագիտական խումբ է, կառույց։ Ընդ որում, ոչ թե գիտական կամ մարզական, այլ ստեղծագործական, եւ ամբողջ աշխարհում էլ ստեղծագործական միությունների մասին համապատասխան օրենքներ կան…  

շարունակելի
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս