Նիկոլ Փաշինյանն անարգել մուտք է գործել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. ՔԿՎ-ն պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի օգոստոսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, թե 01.08.2016թ-ին «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու նպատակով այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ մուտք գործելու` ԱԺ պատգամավորի իր իրավունքը խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից:
Համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

Ինչպես քրեակատարողական վարչության ղեկավարության, այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պագամավորի կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը և կատարվել է վերջինիս կողմից:

Սակայն քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Ն.Փաշինյանը ցանկություն է հայտնել տեսակցել կալանավորված անձանց հետ, որոնց տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջինիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Այն է՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն` «Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Հիշյալ իրավական սահմանափակումները, քրեակատարողական և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության ուժով՝ չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:

Վերը նշվածի մասին պատգամավորը պատշաճ տեղեկացվել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս