ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը մտադիր է որոշակի ապրանքներ արտահանել երկրից, ապա այդ գործընթացի համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել մաքսային մարմիններին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ
անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության կողմից 2003թ. ընդունված «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը եւ դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1779-Ն որոշման 2-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ՝ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝ ա) մաքսային հայտարարագիրը, բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ, գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լավ է, որ պատասխանում ներկայացված է կարգը, եւ ընթերցողները կարող են ստույգ ծանոթանալ նաեւ փաստաթղթերի ներկայացման հաջորդականությանը, բայց շատերը կփաստեն նման դեպքերում առաջացած թղթաբանական անախորժությունների մասին, երբ այս կամ այն թղթի պատճառով մեկ օրվա գործն արվում է մի քանի օրում կամ բոլորովին «այլ» տարբերակով: