«Պահեստազորի սպաների համահայկական միության» կոչը ազատամարտիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո հայ ժողովուրդն ապացուցեց, որ միասնական է և կարող է իր առջեւ ծառացած խնդիրները լուծել միասնական ոգու ու կամքի ուժի օգնությամբ: Հայրենասիրությունն ու միասնականությունը մեր ամենաուժեղ հաղթաթուղթն է, որի դեմ անզոր է անգամ հակառակորդի սպառազինությունը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ուշադրությամբ հետևել ենք ու մեր վրդովմունքով դրանց ակամա մասնակիցն ենք դարձել, մտահոգիչ էին և լեցուն Հայաստանի ու հայ ժողովրդի համար բազմաթիվ վտանգներով:

Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ամբողջ հայ ժողովուրդն ու նաև ապստամբության դրոշ պարզած մեր մարտական ընկերները ողջախոհություն դրսևորեցին ու ընտրեցին հարցերը խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու ուղին՝ խուսափելով արյունահեղությունից և հետագա ողբերգություններից: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնականությունն ու կշռադատված որոշումները միշտ ու ամեն տեղ բերում են խաղաղ արարման և համերաշխության:

Մենք սկզբից մինչև վերջ քայլել ենք Արցախյան ազատամարտի արահետներով, եղել ենք բանակի ստեղծման ակունքներում, միշտ կանգնած ենք եղել Հայոց բանակի, անկախ պետականություն կերտած Հայաստանի ու Արցախի կողքին: Ինչպես Արցախյան ազատամարտի ու ապրիլյան գործողությունների օրերին, այնպես էլ այժմ, պետք է լինենք համախմբված ու հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել և հակառակորդն ամեն օր դիմում է նոր սադրանքների՝ իրավիճակը թեժացնելու և խնդիրը ռազմական ճանապարհով կարգավորելու համար:

Այսօր էլ պատրաստ ենք կանգնել սահմանը հսկող զինվորի ու սպայի կողքին և նրանց հետ միասին կերտել հայրենիքի պաշտպանությունը՝ «ոչ մի թիզ հող հակառակորդին» կարգախոսով: Հաստատակամ ենք նաև հակառակորդի դիմաց կանգնած մեր որդիների թիկունքում կայունություն պահպանելու համար: Հայրենիքի պաշտպանությունը, մեր պետության կայունությունը պետք է լինի բոլորիս առաջնահերթ առաքելությունը, քանզի խաղաղ սահմաններն ու անվտանգ միջավայրն է մեր ապագա արարման երաշխավորը: Լիահույս ենք, որ հայ ժողովուրդն իր հավաքական կամքով բացառելու է նման օրերի կրկնությունը և զսպելու է երբևէ ազատամարտիկներին անօրինական քայլեր կատարողների ու ինքնադատաստան տեսնողների պիտակի արժանացնելու բոլոր փորձերը:
Հորդորում ենք Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցներին, մասնավորապես` Ջերմուկի մեր մարտական ընկերներին, դրսևորել զսպվածություն, չտրվել զգացմունքներին և կրքերին:

«ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ»




Լրահոս