Հիդրանտները տեղադրվում են իրար հետեւից. Երեւան Ջուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու ժամից պակաս ժամանակ պահանջվեց Երեւան Ջուր ՓԲԸ «Հյուսիս» տեղամասի աշխատակիցներից Նոր Նորքի 7-րդ զանգվածում, Հայորդաց տան հարեւանությամբ նոր հրշեջ հիդրանտ տեղադրելու համար: Գործը դյուրին չէր, բայց դե հմտացել են արդեն ջրմուղագործները, առաջին անգամ չի: Երեւանի քաղաքապետարանի ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ վերջին տարիներին մայրաքաղաքում պարբերաբար փոխարինվում են հիդրանտները, դրանով իսկ հրդեհների դեպքում ապահովելով հակահրդեհային ծառայությանը անհրաժեշտ ջրով:

Սակայն այն, ինչ կատարվում է ներկայումս, ընթացիկ աշխատանք չէս անվանի: Արդեն հունիսի կեսերին աշխատանքային խմբի կողմից գույքագրվել էին մայրաքաղաքի բոլոր հրշեջ հիդրանտները և ուսումնասիրվել էր դրանց տեխնիկական վիճակը: Մինչ վերջերս վերագործարկվել էր 255 հիդրանտ: Եվս 104-ի աշխատանքներն ընթացքում է: Ահա այս խնդրի լուծման համար Երեւան Ջուրը գնել է միանգամից 40 հիդրանտ, որոնք առաջիկա մի քանի օրվա ընթացքում պետք է տեղադրվեն:

Ընկերության «Արեւելք» ու «Արեւմուտք» շահագործման տնօրինությունները արդեն գործի են անցել: Մեր այցելության պահին Խանջյան փողոցում «Կենտրոն» տեղամասի մասնագետները դեռ նախապատրաստական աշխատանք էին տանում. շարժական պոմպի օգնությամբ ջրազրկում էին փողոցի խողովակը, որ հին հիդրանտը ապամոնտաժեն ու նորը տեղադրեն: Սակայն նրանք հավաստիացրեցին, որ մինչեւ օրվա վերջ խնդիրը կլուծեն: Տեղում էր նաեւ ԱԻՆ հրշեջ ծառայության աշխատակիցը, ով նկարահանում ու գրանցում էր հիդրանտի տեղադրման վայրը: Հրշեջների հետ ջրմուղագործների կապը ավանդական է ու ամուր:
Իսկ ահա Ռուբինյանց փողոցում գործն անխափան առաջ էր ընթանում: Գործը հասել էր հիդրանտը դիտահորում տեղադրելուն: Ինչպես ասաց «Զեյթուն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գեւորգյանը, մինչեւ շաբաթվա վերջ տեղամասն իր սպասարկման տարածքում պետք է 5 հիդրանտ տեղադրի:
Եթե հաշվի առնենք, որ Երեւան Ջուրն ունի 10 շահագործման տեղամաս, դժվար չէ համոզվել, որ այս տեմպերով աշխատելու դեպքում առաջիկա օրերին կհաջողվի 40 հիդրանտն էլ տեղադրել: Դրանց թիվը մայրաքաղաքում կհասնի 300-ի: Գուցե չէր խանգարի ավելին ունենալ, բայց եղածն էլ զգալի օգնություն է հրշեջներին ջրով ապահովելու առումով:

Հանրային կապերի ծառայություն
Երեւան Ջուր ՓԲԸ




Լրահոս