Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. բացառվում է. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

Այս հանդիպման ժամանակ նախագահը խոսել է նաև ԼՂ հիմնահարցի մասին.

«Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը:

Հարգելի՛ գործընկերներ,
Ամփոփելով շեշտեմ՝ մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած: Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար: Իսկ այդ մասին մենք շատ ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում:
Շնորհակալ եմ ուշադրության համար»:




Լրահոս