«Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեջ է նաև Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Սմբատ Բարսեղյանը, ով Անի Նավասարդյանի քեռորդին է:
ArmLur.am-ի հետ զրույցում Սմբատի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը նշեց, որ նա այդ քայլին է գնացել բացառապես հայրենասիրական մղումներով. «Միշտ էլ երթերին ու ակցիաներին մասնակցել է, այդ քայլն էլ գաղափարների և հայրենասիրության համար էր արված: Երբ որ մարդիկ դուրս են գալիս պայքարի անբարոյականության դեմ, նրանք պայքարում են բարոյականությամբ»:
Եղբայրը բարձր է գնահատում խմբավորման անդամների կողմից զենքերը վայր դնելու որոշումը, նշելով, որ ինքն էլ համամիտ է նրանց այդ քայլի հետ. «Վարուժան Ավետիսյանի յուրաքանչյուր մտքի հետ համամիտ եմ, նրանք մարդասիրական գաղափարներից ելնելով վայր դրեցին զենքերը: Որքան էլ, որ իրենց դիմաց կանգնած էին մարդիկ, ովքեր չէին հարգում իրենց ազգակցին, տղաները այդ տեսակին չեն պատկանում և իրենց հայրենակցի արյունը չցանկացան հեղել»:
Հավելենք նաև, որ Սմբատը ԵՊՀ ուսանող է:
Նկատենք, որ ոստիկանության վերջերս հրապարակած դիպուկահարի լուսանկարը շատ նման է Սմբատ Բարսեղյանին, ինչը նաև քննարկումների տեղիք էր տվել սոցիալական ցանցերում: Այս առնչությամբ Սմբատի եղբայրը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ևս դիպուկահարի լուսանկարը տեսնելով` նմանեցրել է եղբորը: Վարազդատը նույնպես այն կարծիքին է, որ այդ լուսանկարը վատ ֆոտոշոփի հետևանք է:
Լիլիթ Շաբոյան