Սարի թաղի բնակիչը դիմում է Սերժ Սարգսյանին և Գևորգ Կոստանյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն դիմած Սարի թաղի բնակիչ Լալա Բերնեցյանը հայտնեց, որ իր ամուսինը՝ Էդուարդ Զեյթունցյանը, հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ կալանավորվել է:

Մեր զրուցակիցը պատմեց, որ մի քանի տարի առաջ է վերադարձել ամուսնու հետ Հայաստան. «2013 թվականին Մոսկվայում վթարի արդյունքում մեր որդին մահացավ, որից հետո վերադարձանք Հայաստան եւ մինչ օրս ապրում ենք Հայաստանում: Հուլիսի 19-ին աշխատանքից վերադառնալուց ամուսինս նկատել է, որ Սարի թաղի մի հատվածում թաղի տղաները հավաքվել են ու վիճում են ոստիկանների հետ: Ավելի ուշ ամուսինս մոտեցել է թաղի տղաներին՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր կա: Ճիշտ հասկացեք, ողջ Սարի թաղը զայրույթի մեջ էր, մենք հուլիսի 17-ից ո՛չ ջուր ունեիք, ո՛չ գազ, ո՛չ տրանսպորտ, ու տղաները այնքան տաքացած են եղել, որ ոստիկանների հետ սկսել են վիճել, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի»:

Ըստ մեր զրուցակցի՝ դեպքից մի քանի օր անց իրենց տուն են այցելել ոստիկանները եւ Էդուարդ Զեյթունցյանին հրավիրել են ոստիկանություն. «Ոստիկանությունում տեսագրություն են ներկայացրել ու որոշում կայացրել, որ պետք է ձերբակալեն ամուսնուս: Ավելի ուշ մենք պարզեցինք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով, քրեական գործ է հարուցվել, եւ ամուսինս կալանավորվել է:

Ես երեկ դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որ գան տեսնեն, թե Սարի թաղի 3-րդ փողոցում ինչ պայմաններում եմ ապրում, իմ ամուսինս տան միակ աշխատողն է, եւ եթե նա երկար մնա կալանքի տակ, չգիտեմ, թե մեզ հետ ինչ կկատարվի: Ես որբ աղջիկ եմ եւ խնդրում եմ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ազատ արձակեն իմ ամուսնուն, ամեն ինչ ավարտվել է: Քանի անմեղ ընտանիք պետք է տուժի այս դեպքերից, մենք մեր համար հանգիստ ապրում էինք, այս ինչ կատարվեց, եթե այսպես շարունակվի, իմ ապրելը իմաստ չունի, ես կվառեմ ինձ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս