Այսօր լրացավ 10 օրը, ինչ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավված է «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից: Անցած օրերին բազում իրադարձություններ են եղել, տրամադրությունները գնալով ավելի էմոցիոնալ են դառնում: Եւ հուլիսի լույս 26-ի գիշերը կրկին կրակոցներ հնչեցին գնդի տարածքում, սակայն այս անգամ դրանք ոչ միայն օդ, այլ նաեւ ուղղված էին ՊՊԾ գնդից դուրս եկած եւ ինքնագլուխ դեպի ոստիկանության պատնեշը շարժվող «Ուազ» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում, «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից երկուսը՝ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, ոտքերից վիրավորվեցին: Հետագայում նրանց տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդեն օրվա վերջում նրանց մեղադրանք առաջադրվեց, եւ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանավորումը: Իսկ ՊՊԾ գնդի հարեւանությամբ՝ Խորենացի փողոցում, ամեն երեկո կազմակերպվող մարդաշատ բողոքի ակցիաները շարունակվում են: Դատելով դրանց ընթացքում հնչող ելույթներից՝ կազմակերպիչները չգիտեն հետագա գործընթացները ինչպես տանել. ելույթներն իրար հակասում են, անելիքների մասին պատկերացումները` բացակայում: Մեկն ասում է, թե գրոհելու է, մյուսը տուն է ուղարկում մարդկանց` արժանանալով քաղաքացիների քննադատությանը: Իսկ ելույթները իշխանությունների եւ հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված լուտանքներ են ու վերջ: Իրենց բովանդակությամբ էլ հիշեցնում են ընդդիմության՝ 2003 թվականից ի վեր կազմակերպվող հանրահավաքները: Սակայն ամենակարեւոր հարցի պատասխանն այդպես էլ չի հնչում. ինչպես է հնարավոր ստեղծված իրավիճակը հանգուցալուծել եւ հասնել իշխանափոխության, եթե հանկարծ Ս. Սարգսյանը հրաժարական չտա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հարթակում գտնվողներից շատերի մոտ տեսակետ կա, թե ամեն կերպ պետք է ճեղքել Խորենացի փողոցում առկա ոստիկանական պատնեշը, մտնել ՊՊԾ գնդի տարածք՝ «Սասնա ծռեր» խմբավորման մոտ, եւ միասին դուրս գալ փողոց` այդպիսով Սերժ Սարգսյանին ուժով ստիպելով հրաժարական տալ: Իշխանություններն էլ, բնականաբար, ամեն կերպ փորձում են խոչընդոտել այդ ծրագիրը: Թերեւս դա է պատճառը, որ հիմա իրավիճակը երկկողմանի փակուղային է:
Հ. Գ. Երեկ՝ կեսգիշերն անց՝ ժամը 2:00-ի սահմաններում, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
ՀՀ ընտրական նոր օրենսգրքով սահմանված խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներին արդեն իսկ ասվել է, որ բոլորը պետք է տարածքային ցուցակներով առաջադրվեն որպես «ռեյտինգային պատգամավորության թեկնածուներ» եւ ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովեն: Մանդատ կստանան նրանք, որոնք ամենաշատը ձայն կապահովեն: Այսպես ստացվում է, որ իշխանական թեկնածուները ստիպված են լինելու միմյանց հետ մրցակցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործող պատգամավորներից մեկը իշխանական շրջանակներում ստեղծված իրավիճակը գլադիատորական մենամարտերի հետ համեմատեց: Պոտենցիալ իշխանական թեկնածուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն, եւ վերջում ով ողջ կմնա, նա էլ մանդատ կստանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական թեկնածուներն իրենց արտոնյալ դիրքը պահպանելու այլ ելք չեն էլ տեսնում, ուստի արդեն իսկ սկսել են նախապատրաստվել մենամարտերին:
Հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք Սիսիանի քաղաքապետի ընտրություններում բավական թեժ պայքար է սպասվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական թեկնածուն լինելու է ՀՀԿ անդամ Սամվել Թանգյանը, որը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետն է: Նրանից բացի՝ Սիսիանի քաղաքապետի պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի նաեւ Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդին` Արթուր Սարգսյանը: Վերջինս զբաղեցնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նախաբացթողումային հսկողության բաժնի պետի պաշտոնը: Կապանում, ամենայն հավանականությամբ, կրկին քաղաքապետ կդառնա Աշոտ Հայրապետյանը: Իսկ ինչ վերաբերում է Գորիս եւ Մեղրի քաղաքներին, այստեղ կատարյալ անորոշություն է տիրում: Ինչպես հայտնի է՝ ՀՀ իշխանությունները վերը նշված քաղաքների հարեւանությամբ գտնվող բոլոր գյուղերը միավորել են այդ երկու համայնքների մեջ, եւ այժմ դրանց բնակիչները եւս պետք է Գորիսի եւ Մեղրիի քաղաքապետեր ընտրեն:
Երեկվա դրությամբ Հայաստանի պետական բյուջեից ծախսվել է 726 միլիարդ 57 միլիոն դրամ, որը կազմում է այս տարվա համար նախատեսված պետական բյուջեի 51 տոկոսը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հարկեր եւ տուրքերից ստացված պետական բյուջեի եկամուտները կազմել են մոտ 512 միլիարդ դրամ: Ստացվում է՝ այս պահի դրությամբ պետական բյուջեի պակասուրդը կազմել է 214 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ 2016 թվականի պետական բյուջեով ողջ տարվա համար նախատեսված պակասուրդը պետք է կազմեր 191 միլիարդ դրամ: Մյուս կողմից տնտեսագետների շրջանում արդեն իսկ ձեւավորված կարծիք կա, ըստ որի՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման պատմությունը նույնպես խիստ բացասական կազդի տնտեսության վրա: Մասնավորապես, ներկա պայմաններում նոր ներդրումների մասին կարելի է մոռանալ: Ինչը ենթադրում է, որ առաջիկա ամիսներին հարկային մուտքերի ավելացում չի կանխատեսվում, այսինքն՝ պետական բյուջեի պակասուրդը շարունակելու է աճել:
ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼԵՐՈՎ
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ով հանդիսանում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ հայկական կողմի գլխավոր բանակցողներից մեկը, երեկ հայտարարել է, թե առկա են որոշակի համաձայնություններ՝ ընդգծելով, որ պայմանագրի շատ հատվածների շուրջ քննարկումները շարունակվում են: «Մինչեւ տարեվերջ դեռեւս երկու բանակցային ռաունդ նախատեսվում է մեր մասով իրականացնել, որեւէ հատուկ սուր, պրոբլեմատիկ հարց այս պահի դրությամբ չունեմ, որը հնարավոր է նշել որպես խնդրահարույց՝ բանակցային գործընթացի տեսանկյունից»,- ասել է Մելքոնյանը՝ այնուհանդերձ չհստակեցնելով՝ երբ վերջնականապես պատրաստ կլինի համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հակառակ կարծիք էր արտահայտել՝ նկատելով, թե բանակցային գործընթացում կան որոշակի դժվարություններ: Ու թեեւ Սվիտալսու ասածին շատ արագ հակադարձեց ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը՝ հեգնելով, թե սվիտալսկին չի մասնակցել բանակցային վերջին փուլերին, հետեւաբար կարող է եւ լավ տեղեկացված չլինել, այնուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու է շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացը այսքան դանդաղ տեպմերով առաջ շարժվում: Ի վերջո, հենց նույն ՀՀ պաշտոնյաներն էին հավաստիացնում, թե երկրորդ անգամ բանակցությունները շատ ավելի հեշտ են լինելու, քանի որ արդեն իսկ առկա է 3,5 տարի բանակցված եւ վերջնականապես համաձայնեցված Ասոցացման համաձայնագիրը, որը, ինչպես հիշում ենք, նախաստորագրումից երկու ամիս առաջ չեղարկվեց Ս. Սարգսյանի՝ 2013.թ սեպտեմբերի 3-ի որոշմամբ: Նշվում էր, որ նոր համաձայնագրում անհրաժեշտ է կատարել որոշ խմբագրումներ՝ հատկապես տնտեսական դրույթները համաձայնեցնելու համար ԵՏՄ կանոնակարգերին, իսկ ընդհանուր առմամբ հիմնական մասը արդեն իսկ պատրաստ է: Հիմա, սակայն, անցած դեկտեմբերի 7-ից պաշտոնապես սկսված բանակցային գործընթացից ութ ամիս անց Գարեգին Մելքոնյանն ասում է. «Որոշակի հատվածում արդեն համաձայնությունները ունենք, շատ հատվածներ կան, որոնք աշխատանքային կարգով քննարկումները շարունակվում են»: Փաստորեն, եթե ութ ամիս անհրաժեշտ եղավ «որոշակի հատվածների» համար, կարելի է ենթադրել, թե քանի ամիս կպահանջվի մնացած «շատ հատվածների» համաձայնեցման համար:
Ստեղծված իրավիճակում, երբ Եվրամիության առջեւ ծառացել են շատ լուրջ խնդիրներ՝ սկսած Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացով, ավարտված եվրոպական երկրներում մեկը մյուսին հետեւող ահաբեկչական գործողություններով եւ բռնատիրական Թուրքիայի «կորստով», կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն Հայաստանի հետ բանակցությունների համար նախկին շահագրգռությունը չունի: Ուստի ներկայումս հենց հայկական կողմը պետք է առավել հետեւողական լինի բանակցային գործընթացի ակտիվ ընթացքի հարցում: Բայց արդյո՞ք դա թույլ կտրվի: